ԼՈՒՐ24
ԼՈՒՐ24

ԼՈՒՐ24

ՀՀ կառավարությունը հաստատել է «Պետական տուրքի մասին» ՀՀ Oրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին որոշումը Նախագծով առաջարկվում է պղնձի և մոլիբդենի միջազգային բարձր գների պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար։ Նախագծի իրականացման նպատակն է՝

երկրի ընդերքի շահագործումից գեներացվող բարձ շահույթն ուղղել մշակող արդյունաբերության և հանքարդյունաբերության ոլորտում ռազմավարական ակտիվների զարգացմանը և արդյունաբերական արժեշղթաների խորացմանը,

խթանել հանքերի առավել արդյունավետ շահագործմանը և գործող հանքավայրերի արտադրողականության բարձրացմանը` նոր տեխնոլոգիաների ներդրմամբ, խթանել շրջակա միջավայրի նկատմամբ առավել պատասխանատու հանքարդյունաբերությանը` հնարավորինս նվազեցնելով վնասակար արտանետումները: Այսօր ոլորտում գեներացվում է գերշահույթ, որը, ըստ նախարարության ուսումնասիրությունների, արդյունավետ չի հարկվում։ Հետևաբար՝ անհրաժեշտություն է առաջացել իրականացնել կտրուկ քայլեր և կիրառել խնդիրը կարգավորող կարճաժամկետ գործիք, հետագայում երկարաժամկետ լուծումներ տալու նպատակով։

Արտահանման ծավալների պահպանման պայմաններում պետական տուրքի առաջարկվող դրույքաչափերի դեպքում ընդհանուր առմամբ բյուջեի տարեկան մուտքերը կկազմեն շուրջ 72 մլրդ դրամ։

ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը նկատում է, որ եթե պատերազմ է հայտարարվում մեր սահմաններին, մենք պետք է հետևենք միջազգային նորմերին, պաշտպանվենք և դիմենք ՄԱԿ-ի օգնությանը, իսկ եթե մեզ ոչինչ չի սպառնում, ապա ռուսական զորքեր մեզ նույնպես պետք չեն:

Ի՞նչ է կատարվում: ՀՀ կառավարությունը խոսում է Բաքվի զինված ներխուժման մասին, բայց չի ձեռնարկում ներխուժման դեպքում նախատեսված միջոցներ` պաշտպանություն և դիմում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:

Ռուս փորձագետները վերջին շրջանում միաբերան ասում են, որ Հայաստանը չի ցանկանում պաշտպանել իր սահմանները և նախընտրում է այդ գործառույթները փոխանցել Ռուսաստանին: «Այժմ սահմանին օպերատիվ իրավիճակը թելադրվում է Ադրբեջանի կողմից, և Հայաստանը չի պաշտպանում իր սահմանները, չնայած որ դրա համար ունի բոլոր իրավունքները: Հայաստանը ցանկանում է, որ Ռուսաստանը պաշտպանի իր սահմանը Ադրբեջանի հետ, բայց սահմանը գծանշված չէ: Հայաստանը համաձայն է, որ Ռուսաստանը կատարի սահմանազատում, սահմանագծում, և, ընդհանրապես կատարի ամեն ինչ Փաշինյանի փոխարեն», ասում է Մոդեստ Կոլերովը:

Ռուս փորձագետները սովորաբար «մոռանում» են այն մասին, որ Ռուսաստանը «խստորեն խորհուրդ է տվել» Հայաստանին չկրակել սահմանին ՝ սպառնալով լայնամասշտաբ պատերազմով: Եվ Ռուսաստանը, ինչպես ասում են փորձագետները, թույլ չի տալիս Հայաստանին դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Բայց սա խնդրի մի կողմն է եւ բնականաբար չի հանում ՀՀ կառավարության պատասխանատվությունը:

Բաքվում ավելի հաճախ են ասում, որ Ռուսաստանը փորձում է Բաքվին ինտեգրել ԵԱՏՄ և ՀԱՊԿ և վերականգնել Խորհրդային Միության գոնե մի մասը, որի փլուզման պատճառով այդքան տառապում է Պուտինը: Ասում են, որ սա է հիմնական պատճառը, որ անցյալ տարի Ռուսաստանը «չի խանգարել Ադրբեջանին ազատագրել իր տարածքները» և այդ նպատակով ներգրավել է Թուրքիային: Սակայն ռուսական ցնորական պլանները չէին իրականանա, եթե Մոսկվան Հայաստանում «գործընկերներ» չունենար:

Դատելով կառավարության գործողություններից ՝ այն չունի երկրի անվտանգության և ինքնիշխանության պաշտպանության ռազմավարություն: «Հիմնական» ընդդիմությունը, չնայած քննադատում է իշխանություններին, բայց խնամքով խուսափում է այն քայլերից, որոնք կարող են տապալել Ռուսաստանի ծրագրերը: Սա կառավարությանը թույլ է տալիս Ռուսաստանին փոխանցել ինքնիշխանության պաշտպանության սահմանադրական գործառույթները և միևնույն ժամանակ՝ իրենց հայեցողությամբ սահմաններ գծանշելու մանդատը:

Սկզբնաղբյուր

Ադրբեջանում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի դեսպանների մերժումը Շուշի այցելելու Բաքվի առաջարկին տարբեր ուղերձներ եւ ենթաուղերձներ է պարունակում։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«Նախ պարզ է, որ մերժումը համաձայնեցված է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահող երկրների միջև։ Նման քայլը ենթադրում է, որ միջնորդ երկրները դեռևս բանակցելի են գտնում Շուշիի կարգավիճակի հարցը։ Այցը կլիներ արդեն նվիրականացում կամ իրողապես ընդունում՝ Շուշիի ադրբեջանական տարածք համարելուն, ինչից խուսափել են երեք երկրները։ Հրավերի մերժումը նշանակում է, որ եռանախագահությունը իր միջնորդական առաքելությունը վերագործարկելու նպատակներ ունի, եւ այդ առումով Շուշիի կարգավիճակի ճշտումը բանակցելի սկզբունք է համարում։ Կարծում եմ, որ սա զուտ Շուշիի կարգավիճակի խնդիր չէ միայն, այլ ընդհանրապես ԼՂԻՄ տարածքի հասկացությամբ Արցախի տարածքային ամբողջականության»,- նշեց Գանտահարյանը:
 
«Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիրն այլ դիտարկելի խնդիր ևս տեսնում է: Նրա խոսքով` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Շուշի և Անկարա-Բաքու նոր ռազմավարական կետերի հանրահռչակումը հակասում են Հարավային Կովկասում ռազմաքաղաքական նոր ստատուս-քվոյի հաստատման համար համատեղ գործողություններ իրականացրած Ռուսաստանի գործընկերոջ քայլերին։
 
«Այստեղ արդեն տեսանելի է Մոսկվայի և Անկարայի մոտեցումների տարբերությունը, եթե ոչ հակասությունը։ Ուղենշային ուղերձներ են, գուցե, նախադրյալներ՝ միջնորդական եռանախագահական ձեւաչափը վերագործարկելու եւ բանակցություններում ներառելու ոչ միայն Շուշիի, այլ նաեւ ԼՂԻՄ գրավված տարածքների կարգավիճակի ճշտումի սկզբունքները։ Բանակցային կետերի եւ սկզբունքների վերամշակումը հրամայական օրակարգի վերածման միտումներ են ներփակված եռանախագահող երկրների դեսպանների համաձայնեցված մերժման մեջ»,- եզրափակեց Գանտահարյանը:

Հուլիսի 11-ին Թուրքիայում 3 քաղաքացիներ բարձրացել էին Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու մուտքի պարսպի վրա, և բարձր երաժշտություն միացնելով, սկսել էին պարել խաչի շուրջ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Միջադեպի տեսանյութը հայտնվել է համացանցում և արժանացել Թուրքիայի հայերի և քրիստոնյա այլ համայնքների ներկայացուցիչների խիստ քննադատությանն ու պարսավանքին։ Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը նույնպես դատապարտել էր հայկական եկեղեցու նկտամամբ անարգանքը և երկրի ՆԳՆ-ից պահանջել էր հետաքննություն սկսել եկեղեցին պղծողների և դեպքին ականատես, սակայն անգործության մատնված ոստիկանների նկատմամբ:

Այս քննադատությունների և արձագանքների ֆոնին Ստամբուլի նահանգապետարանը հայտնեց, որ դեպքի առնչությամբ գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել, և հայկական եկեղեցու նկատմամբ անարգալից վերաբերմունք դրսևորած այդ 3 քաղաքացիներն արդեն ձերբակալվել են:

Միջադեպը դատապարտող հայտարարություններով են հանդես եկել Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը և Էրդոդանի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը:

«Սրբատեղիների նկատմամբ անարգանքը անարգանք է բոլորի նկատմամբ: Մենք սադրանք ենք համարում ցանկացած գործողություն, որն ուղղված է մզկիթների, եկեղեցիների, սինագոգերի դեմ և մարդկության անունից դատապարտում ենք դրանք»,- Twitter-ում գրել է Չելիքը :

Ալթունն, իր հերթին շեշտել է, որ նրանք, ովքեր այդպիսի վերաբերմունք կցուցաբերեն սրբավայրերի նկատամբ օրենքի առաջ պատասխանատվության կենթարկվեն:

Ստամբուլում պղծվել է Սուրբ Թագավոր հայկական եկեղեցին: Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են թուրք վանդալները պարում եկեղեցու պատի վրա, որտեղ տեղադրված է խաչը:

Համապատասխան տեսանյութը հրապարակվել է Инфотека 24 պարբերականի յութուբյան ալիքում: Աղբյուրը խոստանում է ավելի ուշ ներկայացնել կատարվածի մանրամասները:

«Կլոն» սերիալի աստղ, բրազիլացի դերասանուհի Լուսիանո Շաֆիրը ծանր վիճակում հիվանդանոցում է COVID-19-ով կրկին վարակվելուց հետո, հայտնում է StrHit-ը։

Հունիսի 22-ին նա հայտնվել է Ռիո դո Ժանեյրոյի լավագույն կլինիկաներից մեկի վերակենդանացման բաժանմունքում եւ մինչ այժմ գտնվում է այնտեղ բարդությունների եւ առողջական խնդիրների պատճառով։ 52-ամյա դերասանը երկար ժամանակ միացված է եղել թոքերի արհեստական օդափոխության սարքին, որն անջատել են միայն հուլիսի 10-ին։ Այժմ նա դեռ ծանր վիճակում է, սակայն դերասանի ներկայացուցիչները հայտնում են, որ նա գիտակցություն ունի եւ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։

Դերասանն այլեւս հիվանդ չէ կորոնավիրուսով, սակայն ծանր վիճակի պատճառ են դարձել վարակի բարդությունները։ Դերասանը հուլիսի 7-ին ծանր վիրահատության է ենթարկվել․ հեռացվել է հեմատոման եւ հաստ աղիքի մի հատված։ Բրազիլացի լրագրողների տեղեկություններով՝ այդ բարդությունների պատճառ է դարձել կրկնակի վարակումը։

Լուսիանո Շաֆիրը հայտնի է դարձել «Կլոն» սերիալում Զեյնի դերի շնորհիվ։ Այն նրանք սեքս խորհրդանիշի կոչում է բերել։ Հետագայում դերասանը խաղացել է մի քանի սերիալում եւս, ինչպես նաեւ ուժերը փորձել հեռուստատեսային մի քանի նախագծում, որոնցում հանդես է եկել որպես հաղորդավար։

Քիչ առաջ պաշտոնապես հայտնի դարձավ, որ ՔԿ նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը նշանակվելու է ՔԿ նախագահ՝ փոխարինելով Հայկ Գրիգորյանին: Հարցերն ընդգրկված են կառավարության այսօրվա արտահերթ նիստի օրակարգում: Ստորև ներկայացնում ենք 30-ամյա Քյարամյանի կենսագրությունը:

Ծնվել է 1991թ. մայիսի 22-ին, Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում:

2009-2011թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2013թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը` ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան:

2015թ. ավարտել է ՀՀ արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը:

2016թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան` ստանալով իրավագիտության մագիստրոսի աստիճան:

2013-2014թթ. ծառայել է ՀՀ ոստիկանությունում, ապա աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի քննչական բաժնում` որպես քննիչ:

2016թ. հունիսի 1-ից մինչև 2018թ. հունիսի 6-ը աշխատել է ՀՀ դատախազությունում` որպես Շիրակի մարզի դատախազության, ապա՝ Երևան քաղաքի դատախազության դատախազ:

2018թ. հունիսի 8-ից մինչև 2019թ. փետրվարի 26-ը աշխատել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համակարգում` զբաղեցնելով իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի, հետաքննության վարչության պետի, հետաքննության և օպերատիվ-հետախուզության  վարչության պետի տեղակալի պաշտոնները:

2019թ. մարտի 1-ից մինչև 2020թ. մայիսի 4-ը աշխատել է ՀՀ պետական վերահսկողության ծառայությունում` որպես ղեկավարի օգնական, ղեկավարի տեղակալ, ծառայության ղեկավարի պարտականությունների կատարող:

2020թ. մայիսի 4-ին, ՀՀ վարչապետի որոշմամբ, նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

2020թ. մայիսի 5-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ:

2020թ. հունիսի 8-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

2020թ. դեկտեմբերի 24-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Աշխարհագրական անունների համար պայքարը մեծ քաղաքականություն է եւ տարածքային պահանջատիրության հիմք։

Օրինակները շատ են' Պարսից Ծոց - Արաբական Ծոց (եթե որեւէ արժանապատիվ իրանցու մոտ ասեք Արաբական Ծոց, կդառնաք նրա թշնամին) կամ Հունաստանի պայքարը Մակեդոնիա անվանման դեմ, քանի որ Հունաստանի հյուսիսում կա նույն անվանումով տարածք։

Ադրբեջանցիները միջազգային տարածքում առաջ են տանում "Զանգեզուրի Միջանցք" անվանումը, որն արդեն մտնում է միջազգային փաստաթղթերի մեջ, ու պատահական չի, որ արդեն նոր շրջան ունեն - "Արեւելյան Զանգեզուր": Պարզ է, որ դրանով տարածքային պահանջի համար իրավական հիմք են ստեղծում։ Ու ինչն է ամենահետաքրքիրը, որ արդեն հայկական մամուլում ու ՔՊ-ական պաշտոնյաներն են այդ անվանումն օգտագործում։

Եթե նման անվանումով որեւէ փաստաթղթի տակ Հայաստանը ստորագրի, Սյունիք անվանման փոխարեն, ապա կարելի է անկեղծորեն հետաքրքրվել, թե Ալիեւից որքան գումար են ստացել դրա համար։

Իսկ արժանապատիվ ու պետական մտածողություն ունեցող կառավարությունը թույլ չէր տա, որ որեւէ արտասահմանյան լրատվամիջոց, կամ առավել եւս պետպաշտոնյա նման անվանում գործածի, բայց դա արդեն գործող կառավարության մասին չէ։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Հուլիսի 11-ին, ժամը 23։55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցում ավտոմեքենան ընկել է ճանապարհի նորոգման պատճառով առաջացած փոսը (մոտ 5 մ խորությամբ)․ ավտոմեքենան կախվել է, տուժածներ չկան։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Դ․ Ք․) հետնամասի անվադողն ընկել է փոսի մեջ․ տուժածներ չկան։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել փոսից։

Հուլիսի 11-16-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում` հուլիսի 11-16-ին՝ հիմնականում կեսօրից հետո և գիշերը, առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 11-12-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Երեւանում հուլիսի 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 13-14-ի երեկոյան ժամերին, 15-16-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +35+37:

Եղանակը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+28,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+28,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +30+32,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+28,  
Լոռիում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +24+29,  
Տավուշում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +28+31,   
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+28, 
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +32+35,
Արարատում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +35+37,  
Արմավիրում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +35+37,  
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +23+28,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +35+37,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +32+36,   
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +15+17, ցերեկը՝ +24+28,
Արցախում գիշերը՝ +18+23, ցերեկը՝ +29+34: 

ԼՐԱՀՈՍ