ԼՈՒՐ24
ԼՈՒՐ24

ԼՈՒՐ24

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է ամառային Օլիմպիական խաղերի մասնակցող Հայաստանի հավաքականի մարզիկներին և մարզիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է մարզիկներին և նշել, որ հայ ժողովուրդը ամբողջ հոգով և ամբողջ մտքով լինելու է նրանց հետ և սպասելու նրանց մրցելույթներին: «Ընդհանրապես, կարծում եմ, որ սպորտի և հատկապես օլիմպիական շարժման դերը չպետք է թերագնահատել, որովհետև օլիմպիականները, մարզիկները մեր երկրի դեսպաններն են, ովքեր ներկայացնում են մեր ժողովուրդը, մեր երկիրը:

Եվ երկրի իմիջը նաև մեծապես պայմանավորվում է տարբեր հարթակներում մեր մարզիկների ունեցած մրցելույթներով: Հույս ունեմ, որ այս Օլիմպիական խաղերում կունենանք կոնկրետ արդյունքներ: 8 մրցաձևերից 17 մարզիկ մեկնում է Օլիմպիական խաղերի:

Իհարկե, այստեղ կա շատ նուրբ եզր. կարևոր է, որ  օլիմպիականներին ոգևորենք, քաջալերենք հաղթանակների, մյուս կողմից՝ նրանց ուսերին չդնենք այնպիսի լրացուցիչ պատասխանատվություն և պարտավորություն, որ մրցահարթակում նրանց կաշկանդի:

Սա թերևս ամենադժվար գործն է մեր բոլորի՝ և՛ Ազգային օլիմպիական կոմիտեի, և՛ կառավարության, և՛ նախարարության, և՛ մարզչական անձնակազմի համար. ինչպես անել, որ բավարար չափով քաջալերենք մեր մարզիկներին, մյուս կողմից՝ այդ հաղթանակի սպասումով իրենց չկաշկանդենք, որպեսզի նրանք իրենց ամբողջ պոտենցիալը կարողանան բացահայտել»:

Վարչապետի պաշտոնակատարը հավելել է, որ մարզիկների խնդիրների լուծման հարցերով կառավարությունը հետևողական զբաղվել է: «Համոզված եմ, որ բազմաթիվ հարցեր չեն հասել ինձ, և նախարարությունը, Օլիմպիական կոմիտեն ու ֆեդերացիաները լուծել են դրանք: Շատ կցանկանայի, որ այս Օլիմպիադայից առաջ կարողանայինք մեր օլիմպիական հավաքականին տոգորել իսկապես թիմային տրամաբանությամբ և լիցքերով։

Իհարկե, հաղթանակները մեզ շատ անհրաժեշտ են, սովորականից ավելի շատ, որպեսզի մեր երկիրն այս ծանր փորձությունների միջով անցնելուց հետո ինքնավստահությունը, ապագայի նկատմամբ հավատը, վստահությունը սեփական ուժերի նկատմամբ վերականգնի։

Կարծում եմ՝ սա ասելու կարիք չկա: Համոզված եմ, որ մեր մարզիկները, օլիմպիականներն այս ամենը շատ լավ գիտեն, մեզնից ավելի լավ գիտեն։

Վստահ եմ, որ նույնիսկ այս ամենն ասելու կարիք չկա նրանց քաջալերելու իմաստով, որովհետև որևէ կասկած չկա, որ  յուրաքանչյուրն առավելագույնը կանի՝ Հայաստանի Հանրապետության դրոշը, օրհներգը Օլիմպիական հարթակից ներկայացնելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցել են Օլիմպիական խաղերին մեր հավաքականը հնարավորինս պատշաճ մակարդակով պատրաստելու համար։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մեր մարզիկներին, մարզիչներին, ովքեր իրենց նվիրվածությամբ նորանոր լիցքեր են հաղորդել։

Կարծում եմ՝ մեր Օլիմպիական հավաքականը պետք է առանձնահատուկ սիրով և գորովանքով վերաբերվի իր առաքելությանը, բայց, կրկին եմ ասում, հույս ունեմ, որ այս առանձնահատուկ շրջանը, առանձնահատուկ պատասխանատվությունը պետք է նաև ձեզ չկաշկանդի, որովհետև կաշկանդվածությունը միշտ կարող է բերել որոշակի խնդիրների։ Այնպես որ բոլորիս հաջողություն եմ մաղթում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը տեղեկացրել է, որ նախարարությունն ամեն ինչ արել է և կշարունակի անել՝ մարզիկների պատրաստվածությունը լավագույնս ապահովելու համար:

«Պարոն վարչապետ, շնորհակալ ենք Ձեզ և կառավարությանն այն ուշադրության համար, որ հատկապես սպորտին եք ուղղում: Վերջին շրջանում ականատեսը եղանք, որ Դուք ամենօրյա ռեժիմով հետաքրքրվում եք մեր մարզիկների գրաֆիկով, խնդիրներով:

Ուզում եմ ուղղակի վերահաստատել, որպեսզի մեր մարզիկները, Օլիմպիական կոմիտեի ղեկավարները և բոլորս իմանանք, որ մենք միշտ հաստատակամ ենք լինելու այս հարցում և անելու ենք հնարավորը, ինչ որ տեղ էլ՝ անհնարը»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն իր հերթին նշել է, որ կորոնավիրուսի, արտակարգ իրավիճակի պայմանները խնդիրներ են առաջացրել մարզիկների համար, մասնավորապես, մրցաշարերին մասնակցելու և օլիմպիական վարկանիշային ավելի մեծ թվով ուղեգրեր ապահովելու տեսանկյունից:

ՀԱՕԿ նախագահը հավելել է, որ այս Օլիմպիական խաղերին սպիտակ քարտերի միջոցով ուղեգրերից հրաժարվել են և խաղերին կմասնակցեն բացառապես ուժեղագույն մարզիկները:

«Այս անգամ որոշեցինք, որ միայն ուժեղները գնան: Այսօրվա մասնակիցներն ուժեղագույններն են, բոլորն էլ մեդալակիր են, հենց  այնպես վարկանիշ ձեռք չեն բերել: Այս անգամ ակնկալում ենք 3-5 մեդալ:

Բոլորն էլ չեմպիոներ են, պատրաստվել են, փորձառու են, մասնակցել են և՛ Օլիմպիական, և՛ Աշխարհի և՛ Եվրոպայի առաջնությունների: Իրենց կյանքի նպատակն է, որ կարողանան  մասնակցել Օլիմպիական խաղերին, ազգի պատիվը բարձր պահել, եռագույնը բարձրացնել, հիմնը հնչեցնել:

Ոչ մի խնդիր չկա, բոլոր հարցերը կառավարության, նախարարության, ֆեդերացիայի և Օլիմպիական կոմիտեի հետ համատեղ  կարգավորվել են»,- նշել է Գագիկ Ծառուկյանը:

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանն էլ նշել է, որ ամենօրյա կապի մեջ են եղել Օլիմպիական կոմիտեի հետ, որևէ չլուծված խնդիր չի մնացել:

«Մարզիկները բոլոր ուսումնամարզական հավաքներն անցկացրել են այնտեղ, որտեղ ցանկացել են: Բոլոր մարզումներին, ում պետք է եղել, հրավիրել ենք:

Ծանրաձողերն էլ տեղ հասան, վերջին մարզումներն էլ դրանցով կանցկացնեն ու կմեկնեն: Պարոն Ծառուկյանի հնչեցրած թվերը շատ լավն են, տա Աստված, որ այդպես էլ լինի»,- նշել է Գիլոյանը: Փոխնախարարը հավելել է, որ Օլիմպիական պարգևավճարները վերջին տարիներին չեն վերանայվել:

Արձագանքելով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հարցին կտրվի անհրաժեշտ լուծում:

Այնուհետև մարզիկներն ու մարզիչներն անդրադարձել են նախապատրաստական հավաքների արդյունքներին և ընդգծել, որ ջանքեր չեն խնայելու՝ Օլիմպիական խաղերին հայրենիքի պատիվը բարձր պահելու համար:

Հանդիպման ավարտին Նիկոլ Փաշինյանն օլիմպիականներին մաղթել է հաջողություն: «Հաջողությունների, հաղթանակների սպասումով բարի ճանաարհ, ինչ էլ որ խոստացել ենք, ամեն ինչ կանենք»,- եզրափակել է վարչապետի պաշտոնակատարը:

Աշխարհում կորոնավիրուսով վարակումների թվի աճի հիմնական պատճառը «Դելտա» շտամն է: Այս մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպության Արտակարգ հանձնաժողովի նիստի բացմանը հայտարարել է կառույցի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:

«Դելտա» շտամը վարակումների ներկայիս աճի հիմնական պատճառներից է, այն օգտվում է սոցիալական փոխգործակցության ու մարդկանց տեղաշարժի աճից»,- նշել է նա:

Գեբրեյեսուսի խոսքով՝ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում բնակչության պատվաստումների մակարդակի աճը սկսել էր տալ դրական արդյունքներ, նվազել էր մահացությունների թիվը: Սակայն նա հայտնել է, որ այժմ իրադրությունը կրկին փոխվում է և աշխարհը կորոնավիրուսի «երրորդ ալիքի շեմին է»:
 
«Նախորդ շաբաթ արդեն չորրորդ անընդմեջ շաբաթն էր, որի ընթացքում աշխարհում աճել է կորոնավիրուսով վարակումների թիվը: 10 շաբաթվա նվազման ցուցանիշներից հետո սկսել է աճել նաև մահացության մակարդակը»,- հայտնել է Գեբրեյեսուսը:

Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջահիթ Բաղջիի հետ։

Հանդիպման ընթացքում Հասանովը թուրք դեսպանին հայտնել է, որ նախատեսվում է մեծացնել համատեղ զորավարժությունների թիվը՝ տարբեր տեսակի զորքերի, այդ թվում երկու երկրների հատուկ նշանակության ուժերի ներգրավմամբ:

Հանդիպման ընթացքում Հասանովն ու Բաղջին քննարկել են նաև թուրք-ադրբեջանական ռազմական հարաբերություններին առչվող այլ հարցեր։

Մոսկվայում հորդառատ անձրևները հեղեղել են «Շերեմետևո» օդանավակայանը: Ինչպես փոխանցում է «Մեդուզա» գործակալությունը, ականատեսները տեսանյութեր են հրապարակում սոցցանցերում` ներկայացնելով, թե ինչպես է թռիչքուղին ամբողջովին ողողվել ջրով:

Հեղեղվել է նաև օդակայանի ստորգետնյա կայանատեղին:

Դատելով ժամանումների ժամատախտակից` որոշ չվերթներ եղանակային վատ պայմանների պատճառով չեն կարողացել վայրէջք կատարել «Շերեմետևոյում» և ուղղությունը փոխել են դեպի այլ օդակայաններ, այդ թվում` Սանկտ Պետերբուրգի, Նիժնի Նովգորոդի, Հելսինկիի, ինչպես նաև Մոսկվայի «Վնուկովո» և «Դոմոդեդովո» օդակայաններ:

Բացի այդ, հետաձգվել է ավելի քան 20 տեղական և միջազգային չվերթ:

Արտակարգ ծառայություններից հայտնել են, որ անձրևների հետևանքով հեղեղվել են տասնյակ ճանապարհներ և փողոցներ, երկու տասնյակ ծառեր են ընկել, վնասվել են մի քանի կայանված մեքենաներ:

Մոսկվայի իշխանությունները զգուշացրել են, որ անձրևները շարունակվելու են:

Վարչապետի պաշտըոնակատար Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն այցի մասին որոշում է ստորագրել.

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի` 2021 թվականի հուլիսի 16-ից 17-ը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետին`

1) նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումն ըստ արարողակարգի.

2) պատվիրակության անդամներին տեղավորել հյուրանոցում, ապահովել նրանց սնունդը.

3) ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարական սրահում:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատարին` ապահովել պատվո պահակային վաշտի ներկայությունը արարողակարգային միջոցառումների ընթացքում` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` հատկացնել ուղեկցության համար ճանապարհային ոստիկանության ուղեկցող անձնակազմեր` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հայտի:

4. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետին` ապահովել հյուրերի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում և հատկացնել ուղեկցող անձնակազմեր՝ ըստ անհրաժեշտության:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատարին` պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների:

 

Համաճարակային իրավիճակն ավելի է վատթարանում, այս մասին «Իմեդիս Դիլա» հաղորդման եթերում հայտարարել է Վրաստանի Առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան` նշելով, որ վարակն արագորեն տարածվում է, և առանց ակտիվ միջամտության՝ այս ցուցանիշն էլ ավելի կբարձրանա: Ըստ նրա` ակտիվ միջամտություն ասելով նկատի ունեն պատվաստումները և անձնական պաշտպանության միջոցները:

«Քաղաքացիների անհատական ​​պատասխանատվությունը շատ կարևոր է: Հասկանում եմ ՝ ամառ է, հանգստավայրեր են բացվել, ժամանցային միջոցառումներ են անցկացվում: Ժամանցի ընթացքում մարդիկ տրամադրություն չունեն դիմակ կրելու և հեռավորություն պահպանելու, բայց այդպես չի ստացվի: Կրկին մենք ստիպված կլինենք աշխատել ժամանցային միջոցառումները սահմանափակելու ուղղությամբ: Մենք արդեն սկսել ենք մտածել այդ մասին»,-ասել է Գաբունիան:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել է որոշում ցեղասպանությունների հետազոտական ինստիտուտ ստեղծելու մասին: Ինստիտուտը գործելու է Ստամբուլի համալսարանին կից և կոչվելու է «Ցեղասպանության և մարդկության դեմ գործած հանցագործությունների միջազգային ինստիտուտ»:

Էրդողանի կողմից հուլիսի 14-ին ստորագրված որոշումը տեղադրված է պաշտոնական որոշումների ու կարգադրությունների հրապարակման Resmi Gazete կայքում:

ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել պետքարտուղար Բլինքենի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի հեռախոսազրույցի մասին:

«Բլինքենը նշել է, որ կարևոր է ԱՄՆ աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո գտնվող գործընթացին ՝ ուղղված ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը: Նա կոչ է արել Հայաստանին կառուցողական ներգրավվածություն ցուցաբերել ԵԱՀԿ շրջանակներում», մասնավորապես ասված է հայտարարության մեջ:

Ի՞նչ «կառուցողական ներգրավվածության» մասին է խոսքը: Արդյո՞ք Պետդեպարտամենտն ակնարկում է, որ ԵԱՀԿ համանախագահության շրջանակներում բանակցությունների վերսկսումը տեղի չի ունենում, քանի որ Հայաստանի կողմից չկա դիմում:

Անցած երեք օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը շփումներ է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների հետ: Նախ նա զրույցել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, որի ընթացքում խոսք է գնացել Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները վերսկսելու մասին: Այնուհետև Փաշինյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Պաշտոնական հաղորդագրության մեջ Մինսկի խմբին մասին ոչ մի խոսք չկա, և խոսվում է միայն երկկողմ համագործակցության մասին: Այնուհետև Փաշինյանը հանդիպել է Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ, որի ընթացքում Ֆրանսիայի դեսպանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվել, և դա հնարավոր կլինի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում վերջնական կարգավիճակի հստակեցումից հետո: Դեսպան Լաքոտը ցավակցություն է հայտնել Երասխում հայ զինվորի մահվան կապակցությամբ և անթույլատրելի համարել հրադադարի ռեժիմի խախտումը:

Միևնույն ժամանակ, Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ չեն հիշատակվում եռակողմ համաձայնագրերը:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը սպառվել է Հայաստանի համար, այդ թվում `Բաքվի և Մոսկվայի կողմից դրա դրույթների խախտումների պատճառով. ռազմագերիները չեն վերադարձվել, Ռուսաստանը խրախուսում է Բաքվի զորքերի սողացող առաջխաղացումը ՀՀ տարածքում:

Միևնույն ժամանակ, ինչպես ակնարկում է ԱՄՆ-ն, Հայաստանը չի ցուցաբերում «կառուցողական միջամտություն» ԵԱՀԿ շրջանակներում, իսկ Ֆրանսիան սպասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Հայաստանի դիմումին:

Դիվանագիտական վակուումը ենթադրում է անվտանգության երաշխիքների բացակայություն և պարարտ հող է զինված և այլ միջադեպերի համար: Ալիևն արտաբերել է ծավալապաշտական հռետորաբանության հերթական խմբաքանակը՝ բարձրաձայնելով իր թունավոր ծրագրերի մասին, և Հայաստանը, պահպանելով դիվանագիտական վակուումը, կամա թե ակամա աջակցում է այդ ծրագրերին:

Սկզբնաղբյուր

ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի դատական հայցն ընդդեմ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի հետ է վերադարձվել: Այս մասին տեղեկացնում է Datalex.am-ը։

Նշվում է, որ Թովմասյանը հունիսի 30-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Նազարյանի` վիրավորանք համարվող արտահայտության համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին:

Դատարանը վերադարձրել է դիմումը այն պատճառաբանությամբ, որ Թովմասյանը լիարժեք չի վճարել պետական տուրքերը։ Մասնավորապես՝ նա ներկայացրել էր մեկ ոչ գույքային պահանջ, որի համար պետք է վճարեր 4000 դրամ պետական տուրք, 1 մլն դրամ գումարի բռնագանձման պահանջ, որի համար պետք է վճարեր 20 հազար դրամ պետական տուրք: Այսինքն՝ ընդհանուր առմամբ հայցվորը պետք է վճարեր 24 հազար դրամ պետական տուրքի գումար, այնինչ նա վճարել է 8000 դրամ:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին ԱԺ-ում Թագուհի Թովմասյանի ելույթից հետո նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը շշուկով ասել էր՝ «իդիոտկա», սակայն միկրոֆոնը միացված էր եւ այդ բառը լսվել է:

ԼՐԱՀՈՍ