ԼՈՒՐ24
ԼՈՒՐ24

ԼՈՒՐ24

Եգիպտոսում շարունակում են մեղմել հակաքովիդային սահմանափակումները՝ նորից գործի դնելով հանգստի ոլորտը, տեղեկացնում է АТОР-ը։

16 ամիս անց զբոսաշրջության եւ հնությունների նախարարությունը թույլ է տվել վերսկսել թատրոնների, համերգասրահների, զվարճանքի վայրերի, խաղատների, գիշերային ակումբների եւ դիսկոտեկների, այդ թվում եւ նրանց աշխատանքը, որոնք գտնվում են հյուրանոցային համալիրներում։

Դրանք կարող են լցվել առավելագույն տարողության 70 տոկոսի չափով՝ բոլոր սանիտարական միջոցների պահպանման եւ տուրիզմի նախարարության համապատասխան արտոնագրի առկայության պայմանով։

Դիսկոտեկները եւ գիշերային ակումբները բաց կլինեն մինչեւ գշերվա ժամը 2-ը։ Ընդ որում՝ պահպանվում է նարգիլեի արգելքը ռեստորաններում, սրճարաններում եւ այլ հանրային վայրերում։

Երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կայունանում է, հավաստիացնում են իշխանությունները։ Այսպես, Եգիպտոսի առողջապահության նախարարությունը հուլիսի 16-ին տեղեկացրել է կորոնավիրուսով վարակման 77 նոր դեպքի մասին, ինչի հետեւանքով դրանց ընդհանուր թիվը հասել է 283 567 մարդու։ 

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն այս պահին հանգիստ է, ՀՀ զինված ուժերն ամբողջովին տիրապետում է իրավիճակին։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ԶՈւ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը։

Գնդապետ Սամվել Ասատրյանի խոսքով՝ հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում՝ հատկապես նախիջևանյան ուղղությամբ, վերջին իրադարձություններով պայմանավորված, որոշ լրատվամիջոցներում նաև շրջանառվում են խուճապային նյութեր, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ ոչ միայն ազգաբնակչության վրա, այլև որոշակի խոչընդոտներ են ստեղծում ՀՀ ԶՈւ գործունեության համար։ «ՀՀ զինված ուժերն ամբողջ ծավալով և մեծ պատասխանատվությամբ կատարում է իր վրա դրված խնդիրները, պատրաստ է իրադարձության ցանկացած զարգացման և ակնկալում է հանրության լիարժեք վստահությունն ու աջակցությունը»,- ընդգծեց Սամվել Ասատրյանը։

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ նախապատրաստվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Մոսկվա:

«Նման աշխատաքնային այց նախապատրաստվում է»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ` ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում` պատասխանելով հուլիսի 20-ին` երեքշաբթի, կայանալիք այցի մասին հարցին:

«Դա աշխատանքային այց է: Ենթադրվում է, որ դիրքորոշումների հստակեցում տեղի կունենա»,- ընդգծել է Պեսկովը` պատասխանելով հարցին, թե արդյոք նախատեսվում է որևէ փաստաթղթի ստորագրում այցի շրջանակում:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարությանը, որը պարունակում է Հայաստանի հանդեպ տարածքային պահանջներ: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից պատասխանել են «Արմենպրես»-ի հարցին:

Հարց․ Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հանդես է եկել մեկնաբանությամբ, որը պարունակում է Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական պահանջներ։ Ինչպե՞ս եք գնահատում նմանօրինակ պահանջները։

 Պատասխան․ Ադրբեջանական կողմը, Հայաստանի հանդեպ առաջադրելով տարածքային և պատմական կեղծ պահանջներ, փորձում է մի կողմից միջազգային օրակարգից դուրս բերել ղարաբաղյան հակամարտությունը, իսկ մյուս կողմից՝ ստեղծել նոր սպառնալիքներ տարածաշրջանային անվտանգության և կայունության համար։

Փորձելով հիմնավորել նմանօրինակ շինծու օրակարգը՝ ադրբեջանական կողմը չի խորշում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը բացահայտ կեղծիքներ վերագրելուց։ Եթե ելնենք վերոնշյալ փաստաթղթի՝ տեղահանվածների վերադարձի ադրբեջանական մեկնաբանության տրամաբանությունից, ապա հայ փախստականները պետք է վերադառնան Նախիջևան, Գանձակ, Բաքու, Սումգայիթ և ներկայիս Ադրբեջանի այլ հայաթափված տարածքներ։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի կողմից հնչեցված Հայաստանի հանդեպ պատմական պահանջներին, ապա մեզ համար դժվար է ըմբռնել «պատմական» բնորոշման Ադրբեջանի չափանիշները։ Ստիպված ենք վերստին հիշեցնել, որ պատմությունը երբեք չի կարող լինել մի այնպիսի երկրի ուժեղ կողմը, որի թե՛ աշխարհագրական և թե՛ քաղաքական անվանումը մեկդարյա պատմություն ունի, իսկ ադրբեջանցի անվանումն անգամ դրանից էլ նոր է։

Հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև հարատև թշնամություն սերմանելու և պահպանելու Ադրբեջանի ղեկավարության ջանքերը մշտական սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար։  Հայաստանին ռևանշիզմի մեջ մեղադրելուց առաջ Ադրբեջանը պետք է միջազգային հանրությանը բացատրի, թե որն է Բաքվի «ռազմավարի պուրակի» խորհուրդը, որը ոչ այլ ինչ է քան ռևանշիզմի և մարդատյացության ամոթալի «հուշարձան»։

Հայաստանը շարունակելու է հետևողականորեն հանդես գալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, էթնիկ զտումների ենթարկված Արցախի տարածքների դեօկուպացիայի և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն այդ տարածքներ հայ բնակչության վերադարձի դիրքերից։ Միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը կարող է նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում տևական խաղաղության համար։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական միջադեպերի քանակի աճը կասկածի տակ է դնում երկու երկրների միջև բանակցությունների վերսկսման հարցը, գրում է ֆրանսիական Le Monde պարբերականը` նկատելով, որ հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանումը հանգստացրել է Բաքվին, քանի որ Ադրբեջանի իշխանությունները վախենում էին ընդդիմության` իշխանության վերադառնալուց:

«Ընդդիմությունը սպառնում էր չեղարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որով ավարտվել է 44-օրյա պատերազմը»,-գրում է լրագրող Էմանուել Գրինշպանը` Հայաստանի մայրաքաղաք Երևանից 50 կմ հարավ` Նախիջևանի մատույցներումտեղի ունեցած բախումներին:

«Չորեքշաբթի, հուլիսի 14-ին, փոխհրաձգության հետևանքով հայ զինվոր է սպանվել, ադրբեջանցի մեկ զինվոր վիրավորվել է: Ուրբաթ նույն վայրում տեղի է ունեցել ևս մեկ բախում, որի արդյունքում ոչ ոք չի տուժել: Վերջին օրերին փոխհրաձգություններ են տեղի ունեցել նաև Շուշա քաղաքի (հայերեն ՝ Շուշի) շրջակայքում, Լեռնային Ղարաբաղի սրտում` տարածքում տեղակայված 2000 ռուս խաղաղապահների քթի տակ: Թշնամական երկու ճամբարները հրաժարվում են պատասխանատվությունից այս միջադեպերի համար», - ասվում է հոդվածում:

Գրինշպանը նկատում է, որ պատերազմից հետո երկու երկրների թշնամությունը չի հանդարտվել, բայց հունիսից ի վեր Ռուսաստանի միջոցով բանակցությունները որոշակի առաջընթաց են գրանցել:

«Ադրբեջանը դժկամորեն ազատում է զինադադարից հետո գերեվարված հայերին՝  Լեռնային Ղարաբաղում հայկական զինված ուժերի կողմից ականապատված տարածքների քարտեզների փոխարեն: Վերջին երեք տասնամյակների ընթացքում նրանք հարյուր հազարավոր ականներ են տեղադրել ՝ թշնամու առաջխաղացումը զսպելու հույսով», - նշում է հոդվածի հեղինակը:

Գրիշպինը նաև ընդգծում է, որ  վստահություն չկա նաև Ադրբեջանի և արևմտյան երկրների միջև հարաբերություններում` օրինակ բերելով Բաքվի հրավերով դիվանագիտական կորպուսի քառասունից ավելի ներկայացուցիչների այցը Շուշի, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների կողմից այդ հրավերի անտեսման աղմկահարույց դեպքը:

«Երբ հուլիսի 9-ին Բաքուն կազմակերպեց դեսպանների այցը Շուշա (Շուշի)՝ Լեռնային Ղարաբաղը գրավելու խորհրդանշական քաղաք, 46 երկիր արձագանքեց: Բայց Մինսկի խմբի երկրներից (Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան) կամ Գերմանիայից ոչ մի ներկայացուցիչ չեկավ», - մեկնաբանում է լրագրողը` հավելելով, որ Իլհամ Ալիևը լավ հարաբերություններ է պահպանում Վլադիմիր Պուտինի հետ, իսկ Վաշինգտոնի, հատկապես Փարիզի հետ կապը կտրուկ վատացել է:

«Հայաստանը մոտ է Մոսկվային, քանի որ նրանից է կախված Հայաստանի անվտանգությունը, սակայն Երևանը կարողացել է մերձենալ Եվրամիությանը»,-գրում է հեղինակը` հիշեցնելով, որ  խորհրդարանական ընտրություններից հետո Բրյուսելը Հայաստանին առաջարկել է 5 տարվա ընթացքում 2,6 մլրդ եվրոյի չափով աջակցություն՝  հակամարտության հետևանքները հաղթահարելու համար:

Լրագրողը նկատում է, որ Բաքվին ԼՂ վերականգնման համար կհատկացվի 140 մլն եվրո: 

«Ադրբեջանի տնտեսությունն, իհարկե, 4 անգամ ավելի մեծ է, քան Հայաստանի տնտեսությունը` զգալի ածխաջրածնային ռեսուրսների շնորհիվ: Այնուամենայնիվ, նրա ավտորիտար ռեժիմը և Հայաստանի հետ հակամարտության քաղաքական լուծման բացակայությունը երկիրը պահում են Եվրոպայի ծայրամասերում»,-եզրափակում է հեղինակը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

«Այո, շրջանառվում են նաեւ փոխնախագահների անուններ՝ Հակոբ Արշակյանի եւ ռուբեն Ռուբինյանը, դա նույնպես համապատասխանում է իրականությանը:

Քննարկումներ կան, թե ովքեր պետք է լինեն գործադիրում, բայց կոնկրետ ով որտեղ, այս պահի դրությամբ չեմ կարող ասել»,-ասաց նա:

Հարցին, թե Արարատ Միրզոյանի անունը եւս շոշափվո՞ւմ է գործադիր մարմնում պաշտոն զբաղեցնողների շարքում, պատգամավորը պատասխանեց. «Տեղեկություն չունեմ Արարատ Միրզոյանի վերաբերյալ, բայց քննարկումներն, այո  բնականաբար արդեն սկսվել են, թե ցուցակի որ համարը պետք է մնա պատգամավոր եւ ովքեր պետք է գնան գործադիր մարմնում աշխատելու:

Ավարտել ենք այդ քննարկումները: Դրանք մեծ հաշվով տեղի են ունեցել վարչության կազմով: Ես վարչության անդամ չեմ, շատ մանրամասներին չեմ տիրապետում»:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչպե/ս է որոշվել, որ ԱԺ նախագահը պետք է լինի Ալեն Սիմոնյանը, Հրաչյա Հակոբյանն ասաց. «Ինչպես գիտեք, մեր կուսակցությունում շատ բուռն քննարկումներ են տեղի ունենում: Չգիտեմ՝ ինքնառաջադրվել էր, թե ինչ-որ մեկն առաջադրել է, բայց քննարկումների արդյունքում կուսակցությունն ունեցող որոշում, որԱլեն Սիմոնյանը պետք է լինի ԱԺ նախագահի մեր թեկնածուն»:

2021 թվականի ընդունելության քննությունները տարբերվեցին թե 2019-ի, թե 2020-ի քննություններից: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, ասուլիսի ժամանակ նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:

«Բանն այն է, որ 2019-ի ընդունելության քննություններն անցել են իրենց բնականոն հունով, 2020 թվականի քննությունները, ինչպես գիտեք, դիմորդները հանձնել են միայն մեկ քննություն, իսկ 2021-ին առավելագույնը 2 քննություն են հանձնել:

Բուհերին անվճար հատկացված տեղեր ունեինք 1800, եւ վճարովի 21 820 տեղ:

Միասնական քննություն հանձնելու համար հայտագրվել է 11 058 դիմորդ, ընդունվածների թիվը՝ 8083: Մրցույթից դուրս է մնացել 2935, որոնց շարքում կտրվածների թիվը կազմել է 1546»,-ասաց նա:

Նասիբյանը տեղեկացրեց, որ դուրս մնացածները, ինչպես նաեւ քննություններից կտրվողներից նրանք, որոնք երկու քննությունից մեկի դեպքում դրական գնահատական են ստացել, հնարավորություն ունեն մասնակցել թափուր տեղերի համար լրացուցիչ մրցույթին:

«Թափուր տեղերի թիվը մեծ է, որովհետեւ բացի պետական բուհերից,  ընդգրկված են ոչ պետական բուհերը: Մոտավորապես 15 հազար տեղ թափուր է, այնպես որ եթե դիմորդները այսօր ժամը 18-ից բացեն  dimord.am կայքը եւ փորձեն գտնել թափուր տեղերը, այնտեղ կտեսնեն թափուր տեղերը: Թափուր տեղերի համար ընդունելությունը մեկնարկում է այսօրվանից մինչեւ հուլիսի 26-ը ներառյալ:

Հայտագրումը տեղի է ունենալու այսպես. Ընտրելու են մինչեւ 6 մասնագիտություն, կարող են ընտրել տարբեր բուհեր, եւ այդ դեպքում առավելությունը տրվելու է միավորին, ոչ թե ով որ մասնագիտությունն է առաջինը նշել»,-ընդգծեց նա:

Երևանի Ամիրյան փողոցում հուլիսի 18-ի երեկոյան տեղի ունեցած միջադեպի ժամանակ կրակողը հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է, հաղորդում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, նշված վայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևան քաղաքի բնակիչներ, 51-ամյա Ռոբերտ Սուքիասյանի, 47-ամյա Արման Ապիյանի, 33-ամյա Վարազդատ Գասպարյանի, 29-ամյա Սարգիս Աբգարյանի և մյուս կողմի՝ Երևանի բնակիչ, 35-ամյա Նարեկ Կարապետյանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 42-ամյա  Հարութ Հաբգարյանի միջև:

Ըստ ձեռք բերված նախնական տեղեկությունների՝  Ռ. Սուքիասյանը իր մոտ եղած հրազենից կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով Հ. Հաբգարյանը ոտքի շրջանում ստացել է հրազենային վնասվածք; Դեպքի վայր ժամանած ոստիկանները, քննիչներն ու փորձաքրեագետները հայտնաբերել են  3 հատ 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ և արնանման հետքեր:

Այսօր՝ հուլիսի 19-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում,  «Նաիրի»  բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի փափուկ հյուսվածքների ծակած-կտրած վերք»  ախտորոշմամբ իրենց մոտ է  տեղափոխվել մի քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Ա. Ապիյանն է, ով նշված վիճաբանության ժամանակ դանակահարվել է: Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նրա մոտ հայտնաբերել են օդաճնշիչ ատրճանակ, այնուհետև, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ոստիկանները  պարզել են, որ նրան այդ վիճաբանության ժամանակ դանակահարել է  35-ամյա Նարեկ Կարապետյանը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, կասկածյալներին,  հանցագործության գործիք հրազենն ու դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Կայիք տեղեկություններով՝ կրակոցներ արձակած Ռ. Սուքիասյանը հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է:

Չինաստանում համացանցի ավելի քան կես միլիոն օգտատեր Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) ուղղված բաց նամակ է ստորագրել՝ պահանջելով հետաքննել իրավիճակն ամերիկյան Ֆորտ Դեթրիկի կենսաբանական լաբորատորիայում՝ «կանխելու համար հետագա համաճարակները», գրում է Global Times-ը` մանրամասնելով, որ լաբորատորիայի հանկարծակի փակումը դեռ ծածկված է գաղտնիության քողով, սակայն միջազգային հանրությունը որևէ ուշադրության չի դարձրել դրան:

Չինացիների կողմից նամակի հղումը տեղի է ունեցել մի ժամանակահատվածում, երբ որոշ արևմտյան քաղաքական գործիչներ և լրատվամիջոցներ առաջ են բերել Չինաստանի՝ որպես կորոնավիրուսային ծագման մեղավորը մատնանշելու արատավոր արշավի նոր փուլ, նկատում է աղբյուրը:

ՉԺՀ բնակիչների բաց նամակում ասվում է, որ հետագա համաճարակները կանխելու համար ԱՀԿ-ն պետք է ուշադրություն դարձնի լաբորատորիաներին, որոնք ուսումնասիրում են վտանգավոր վարակները կամ կենսաքիմիական զենքերը:

Նրանք ԱՀԿ-ին խնդրում են հետաքննել ԱՄՆ բանակի ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական հետազոտական ինստիտուտը, որը գտնվում է Մերիլենդի Ֆորտ Դեթրիկ քաղաքում: Նամակում նշվում է, որ տվյալ լաբորատորիայում պահվում են աշխարհի առավել մահացու և վարակիչ վիրուսները, ներառյալ Էբոլան, ջրծաղիկը, SARS-ը, MERS-ը և նոր կորոնավիրուսը: Դրանցից որևէ մեկի արտահոսքը լուրջ վտանգ է ներկայացնում աշխարհի համար:

Համապատասխան նամակը վստահվել է Global Times-ին, որն այն տարածել է չինական WeChat և Weibo հարթակներում: Քսանչորս ժամում այն կես միլիոն ստորագրություն է հավաքել:

«2019 թվականի աշնանը լաբորատորիայից արտահոսք է եղել նախքան COVID-19 համաճարակի բռնկումը, սակայն ԱՄՆ-ն ազգային անվտանգության պատրվակով մանրամասն տեղեկություններ չի բացահայտում», - ասվում է նամակում:

Նշվում է, որ Չինաստանը թույլ է տվել արևմտյան երկրների վարակաբաններին և ամերիկյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներին այցելել Ուհանի վարակաբանության ինստիտուտ, սակայն ԱՄՆ-ն չի բացել Ֆորտ Դեթրիկի լաբորատորիան և «նախնական տվյալներով` չի կիսվել ԱՄՆ աշխարհաքաղաքական ազդեցությունից անկախ երկրների, այդ թվում՝ Չինաստանի հետ»:

Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերով: Սահմանային անցակետերը գործում են ամեն օր՝ ժամը 10:00-18:00 ընկած ժամանակահատվածում:

Վրաստան մուտք գործելուց առնվազն մեկ ժամ առաջ բոլոր օտարերկրյա քաղաքացիները պարտադիր պետք է լրացնեն առցանց դիմում-հայտ, որտեղ վրացերեն կամ անգլերեն լեզուներով անհրաժեշտ է մուտքագրել մեկնողի վերաբերյալ հետևյալ տվյալները (ընտանիքով մեկնողների դեպքում դիմում-հայտը լրացվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար առանձին՝ անկախ տարիքից)՝

*Անուն

*Ազգանուն

*Անձնագրի համար

*Հեռախոսահամար

*Էլ. հասցե (դիմումը մուտքագրելուց հետո այս էլ. հասցեին ստացվում է թվային կոդ, որը պետք ներկայացնել վրացական սահմանային անցակետում)

*Քաղաքացիություն

*Բնակության երկիր

*Վրաստանում բնակության վայր (տան հասցե, հյուրանոց և այլն; տարանցիկ ուղևորները բնակության վայր դաշտում հասցեի փոխարեն նշում են ՛՛TRANSIT՛՛ բառը)

Վրաստան մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաների համար հանվել է սահմանային անցակետում ՊՇՌ թեստ ներկայացնելու, ինչպես նաև սահմանային անցակետը հատելուց հետո 72 ժամվա ընթացքում ևս մեկ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը։

Հայաստանի Հանրապետություն մուտք գործող ՀՀ և օտարերկրյա քաղաքացի հանդիսացող 0-ից մինչև 11 ամսական 29 օրական երեխաների համար բացասական թեստի կամ պատվաստման հավաստագիր չի պահանջվում։

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ՉՊԱՏՎԱՍՏՎԱԾ կամ պատվաստման ամբողջական կուրսը ՉԱՎԱՐՏԱԾ ՀՀ քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել հետևյալ պայմանով:

1) Քաղաքացին սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության հավաստագիր։

2) Վրաստանի սահմանային անցակետը հատելուց հետո 72 ժամվա ընթացքում քաղաքացին Վրաստանի տարածքում հանձնում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ևս մեկ ՊՇՌ թեստ, հակառակ դեպքում նախատեսված է տուգանք 2000 վրացական լարիի չափով:

Վրաստանում գտնվելու ընթացքում քաղաքացիները կարող են ժամը 9:00-21:00 ընկած ժամանակահատվածում զանգահարել Վրաստանի կառավարության թեժ գծին 144 հեռախոսահամարով և խնդրել իրենց հեռախոսահամարին ուղարկել մոտակա COVID-19 թեստավորման լաբորատորիաների հասցեները և հեռախոսահամարները պարունակող հաղորդագրություն:

3) Եթե քաղաքացին Վրաստանում գտնվում է 72 ժամից պակաս ժամանակով (հաշվարկն իրականացվում է ցամաքային կամ օդային սահմանային անցակետով երկիր մուտք գործելուց մինչև ցամաքային կամ օդային ճանապարհով երկրի սահմանային անցակետով դուրս գալը), ազատվում է Վրաստանի տարածքում 72 ժամվա ընթացքում ՊՇՌ թեստ հանձնելու պահանջից:

* Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ չպատվաստված կամ պատվաստման ամբողջական կուրսը չավարտած ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության հավաստագիր, կամ թեստի բացակայության դեպքում ՊՇՌ թեստ են հանձնում Բագրատաշեն կամ Բավրա սահմանային անցակետերում և մեկնում իրենց կեցավայր (տուն կամ հյուրանոց) պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև առավելագույնը 48 ժամվա ընթացքում ՊՇՌ հետազոտության պատասխանը ստանալը:

ՊՇՌ հետազոտության արդյունքները գրանցվում են ԱՐՄԵԴ համակարգում և տրամադրվում են հետազոտված անձին ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում: ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամները Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստված կամ պատվաստման ամբողջական կուրսը ավարտած չլինելու և սահմանային անցակետում ՊՇՌ թեստավորման կիրառումից հրաժարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո ենթարկվում են պարտադիր հոսպիտալացման կամ մեկուսացման` հետազոտման, բուժման և վարակի տարածումը կանխելու նպատակով:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ամբողջական կուրսը ավարտած ՀՀ քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել հետևյալ պայմանով:

1) Քաղաքացին սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության հավաստագիր:

2) Քաղաքացին սահմանային անցակետում թղթային տարբերակով ներկայացնում է նաև կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող հավաստագիր՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ներկայումս քաղաքացիներին առաջարվող կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ԲՈԼՈՐ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԵՐԸ ընդունելի են նաև Վրաստանում):

* Սահմանային անցակետում Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող հավաստագիր ներկայացրած ՀՀ քաղաքացիները Վրաստանի սահմանային անցակետը հատելուց հետո ԱԶԱՏՎՈՒՄ ԵՆ երկիր մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում ևս մեկ թեստ հանձնելու պահանջից:

** Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման ամբողջական կուրսը ավարտած ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս ազատվում են ՊՇՌ թեստ հանձնելու պահանջից, եթե սահմանային անցակետում թղթային կամ էլեկտրոնային տարբերակով ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող հավաստագիր՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով (մեկ դեղաչափով ներարկվող պատվաստանյութի դեպքում՝ նվազագույնը 28 օր առաջ ներարկված լինելը հավաստող հավաստագիր, մեկից ավելի դեղաչափի դեպքում՝ վերջին դեղաչափը նվազագույնը 14 օր առաջ ներարկված լինելը հավաստող հավաստագիր)։

ՊՇՌ թեստի հավաստագիրը անհրաժեշտ է ներկայացնել ռուսերեն կամ անգլերեն` հետազոտությունն իրականացրած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության բոլոր կոնտակտային տվյալները և ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով, որի վրա պետք է նշված լինի հետազոտված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), հետազոտության արդյունքը, նմուշառման տարեթիվը (օր, ամիս, տարի) և ժամը՝ ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով

Պատվաստման հավաստագիրը անհրաժեշտ է ներկայացնել ռուսերեն կամ անգլերեն` պատվաստումն իրականացրած կազմակերպության ղեկավարի անունը պարունակող ձևաթղթով, որի վրա պետք է նշված լինի պատվաստված անձի անունը և ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի համարը, ծննդյան տարեթիվը (օր, ամիս, տարի), պատվաստանյութի արտադրական անունը, սերիան, յուրաքանչյուր դեղաչափի ներարկման տարեթվերը (օր, ամիս, տարի)՝ ստորագրված կազմակերպության ղեկավարի կողմից ու հաստատված կազմակերպության կնիքով կամ պարունակելով գծիկային կոդ (QR կոդ), որի միջոցով հնարավոր է ստուգել նշված պատվաստման հավաստագրին ներկայացվող բոլոր պահանջները։

ԼՐԱՀՈՍ