ԼՈՒՐ24
ԼՈՒՐ24

ԼՈՒՐ24

«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին պաշտոն տալու հարցը դարձել է Նիկոլ Փաշինյանի իշխանության գերնպատակը։ ՌԴ իշխանությունների համար մերժելի այս թեկնածուին ՊՆ-ում առանցքային պաշտոնի նշանակելը դարձել է անհնար, իսկ Բաբայանը ցանկություն չունի երկրորդական, երրորդական դեր կատարել։

Սկզբում քննարկում կար, որ նա կդառնա պաշտպանության նախարար, վերջերս խոսվում է ՀՀ ռազմական տեսուչի պաշտոնում հավանական նշանակման մասին, սակայն Բաբայան-Փաշինյան դուետը վերջին օրերին մտմտում է ՊՆ-ն ամբողջությամբ «ռուլիտ անելու» նոր օղակ ձեւավորելու մասին։ Դա կլինի կառավարությանը ենթակա վերահսկողական մարմնի, թե այլ կառույցի տեսքով՝ դեռ հայտնի չէ։

Մեզ ասացին, որ առայժմ քննարկում են նման պաշտոն ստեղծելու եւ Բաբայանին նշանակելու սխեմաները։ Հիմա արդեն ԱԺ-ում ունեցած իրենց 71 մանդատով ցանկացած նոր օղակի ստեղծումը, ցանկացած կառուցվածքի ձեւավորումը՝ անգամ ամենաաբսուրդ, հնարավոր է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի եւ հայ-ադրբեջանական սահմանի շուրջ նոր զարգացումներ կլինեն:

Մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2021 թվականի հուլիսի 20-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսվում է դիտարկել ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա ամրապնդման հիմնական հարցերը՝ շեշտը դնելով առեւտրային ներդրումների եւ հումանիտար համագործակցության վրա։ Միեւնույն ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 17-ին՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Ժան Միշելի հետ հանդիպման ժամանակ, խոսել էր հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության եւ Ադրբեջանի նոր նկրտումների մասին:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը մասնավորապես նշել էր. «Ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում եւ հայ-ադրբեջանական սահմանին, ինչի արտահայտությունը մենք այսօր տեսնում ենք հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածում: Ադրբեջանի հրահրած միջադեպերը թույլ չեն տալիս նաեւ սկսել հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիային եւ դեմարկացիային ուղղված աշխատանքները, որոնց նույնպես ես մի քանի անգամ հրապարակային անդրադարձել եմ, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում»:

Երեկ էլ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պատերազմին պատրաստ լինելու հրահանգ է տվել: Ի վերջո, ի՞նչ սպասել առաջիկայում, եւ ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցով ՌԴ-ն։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկյանովն անդրադարձավ ԵՄ օրակարգին՝ ասելով, թե նրանք մեծ հույսեր են կապում ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի վերսկսման հետ։

«Կարծում եմ՝ կողմերը դիրքավորվում են սահմանագծման գործընթացին ընդառաջ։ Բոլորը հասկանում են, որ առանց դրա հնարավոր չէ որեւէ ուղղությամբ շարժվել, միայն փոխադարձ մեղադրանքներ են հնչում. սա բարդ իրավիճակ է:

Նկատվում է երկուստեք հետաքրքրություն, որին ՌԴ-ն դեմ չէ, բայց ՌԴ-ն նաեւ ակտիվ մասնակցություն ունի ՀՀ անվտանգության գործին, որին ուղիղ այլընտրանք այսօր ՀՀ-ն չունի»,- նշեց նա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը Facebook-ի իր էջում գրառում է արել կապված Երասխի հատվածում լարվածության հետ:

«Երբ Երասխը չի կարող քնել, Երևանը նույնպես արթուն է մնում»,-գրել է նա, ով նաեւ ԵՄ դրոշներով լուսանկար է հրապարակել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շաբաթ օրը՝ աշխատանքային ժամի ավարտին՝ 17:00-18:00 ընկած ժամանակահատվածում, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի աշխատասենյակում թեժ վիճաբանություն է եղել ԳՇ պետ Դավթյանի եւ նրա առաջին տեղակալ Արշակ Կարապետյանի միջեւ:

Մեր տեղեկություններով՝ վիճաբանությունն այնքան է թեժացել, որ բանը հասել է հայհոյանքների, աթոռ, մոխրաման միմյանց վրա նետելուն, որից հետո վեճն արդեն շարունակվել է միջանցքում: Իսկ թե կոնկրետ ինչու եւ ինչ թեմայի շուրջ են վիճել շտաբի պետն ու նրա տեղակալը, աշխատակիցներն այդպես էլ չեն կարողացել հասկանալ, թեեւ վեճի մի մասը տեղափոխվել է նաեւ միջանցք: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել Զինված ուժերի գլխավոր շտաբից՝ նախ հետաքրքրվելով՝ վեճ եղել է, թե ոչ, ինչի շուրջ են վիճել ԶՈւ գլխավոր շտաբի պետն ու իր առաջին տեղակալը:

Գլխավոր շտաբի տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը հայտնեց. «Ձեր տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Ազատության» եթերում Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը պատասխանել է օգտատերերի հարցերին:

Հարցին, թե վերջերս հայտնի դարձավ, որ հայկական ազգային ավիափոխադրող է ստեղծվելու, այդ ավիափոխադրողը կկարողանա՞ թռիչքներ կատարել դեպի Եվրոպա՝ հաշվի առնելով, որ հայկական ավիափոխադրողներին արգելել են թռչել դեպի Եվրոպա, Տաթևիկ Ռևազյանն արձագանքել է. «Հաշվի առնելով, որ շատ փարձառու թիմ է այս ընկերությունը հիմնում համատեղ ԱՆԻՖ-ի հետ, անուղղակիորեն պետության հետ, մենք դիմելու ենք Եվրոպա խնդրանքով, որ բացառություն անեն, որովհետև սա համարվում է աշխարհի ամենաանվտանգ ընկերություններից մեկը, և մենք գիտենք, որ բացառություններ արվում են, սա մի տարբերակ է: Երկրորդ տարբերակը, օրինակ, մի քանի օդանավեր թողնել գրանցման մեջ Շարժայում, բայց շահագործել Երևանում: Լուծումներ կան, բայց դեռ այդ սև ցուցակը կա, և մենք այդ ուղղությամբ շատ լուրջ ջանքեր ենք գործադրում լուծելու»:

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նոր գրառում է կատարել՝ նշելով, որ Հայաստան կա, որովհետեւ անհատներ են եղել։

«Եթե լինի նոր պատերազմ...

նիկոլը նոր տեքստ ունի՞ թե «ու այդ մեկ մարդը դու` ես»-ն ա կրկնվելու...

Նոր հանրային դեմքեր կա՞ն, որ կոչ կանեն պաշտպանել Հայրենիքը թե հներով կբավարարվեք.....

Սցենարը նույնն է` զոհեր կլինեն շատ լավ էլ կտաք թուրքերին միջանցք: Գիտե՞ք ինչի նոր սցենար չեն գրում: նիկոլը մեր ազգի մեծամասնության մարմնավորումն ա` գիտի մեր արժեքը:

Մինչև մի օր չհայտնվի իրական հերոս: Կամ հին հերոս: Նարցիսիզմով չտառապող, երկիրը սիրող:

Կասկադին կոչեր մի արեք` անիմաստ ա: 1915-ին էլ ա «Կասկադ» եղել` բան չի փոխվել: Հայաստան կա, որովհետև անհատներ են եղել: Հուսով եմ... Համոզված եմ` դեռ կան»,- ֆեյսբուքյան էջում գրել է ռեժիսորը։

Չինաստանի իշխանությունները համագործակցել են վարձու հաքերների հետ, որոնք հարձակումներ են կատարել ՝ օգտագործելով Microsoft Exchange-ի խոցելի կողմերը: Չինաստանին նման գործողություններում մեղադրել են ԱՄՆ-ն, ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Վնասակար գործողությունները գրանցվել են այս տարվա մարտին: Կիբերհարձակումը, հավանաբար, կազմակերպվել է հաքերների կողմից, որոնք կապ ունեն Չինաստանի իշխանությունների հետ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան վարչակազմի ներկայացուցիչը հեռախոսային ճեպազրույցի ժամանակ:

«Միացյալ Նահանգների կառավարությունը, դաշնակիցների և գործընկերների հետ միասին, չարամիտ կիբեր արշավը ... վերագրում է Չինաստանի պետական անվտանգության նախարարության հետ կապված չարամիտներին»,-ասել է նա:

Միացյալ Նահանգները խոստացել է բացահայտել, թե ինչպես է Չինաստանը կիբեր գործողություններ իրականացնում ամբողջ աշխարհում: Սպիտակ տունը մտադիր է խոսել ավելի քան 50 հնարքների մասին, որոնք ուղղված են եղել ԱՄՆ-ի ու իր դաշնակիցների դեմ:

Թալիբներին դիմակայելու, ինչպես նաև տեղի շիաների իրավունքները պաշտպանելու համար Աֆղանստանում սկսել է գործել «Հաշդ ալ-Շիʿի» «Շիայական աշխարհազոր» ռազմականացված կառույցը։

Կառույցի անունը շատ նման է Իրաքում գործող «Հաշդ ալ-Շաաբի»՝ «ժողովրդական աշխարհազորի» անվանը, որը ներկայիս Իրաքի ռազմաքաղաքական կյանքում հսկայական դեր ու նշանակություն ունի։

Ակնհայտ է, թե Աֆղանստանում ստեղծված «Հաշդ ալ- Շիʿի» կառույցը, որ երկրի կողմից է ստեղծվել ու ղեկավարվում։

Իրանը, հավատարիմ մնալով Իսլամական հեղափոխության գաղափարախոսությանը, չի դադարում շարունակական ու հետևողական քայլերով զբաղվել հեղափոխության արտահանմամբ։ Առաջին հաջողված փորձը Լիբանանում «Հիզբալլահն» էր, այնուհետև Իրաքում՝ «Հաշդ ալ-Շաաբը» և հիմա էլ Աֆղանստանում «Հաշդ ալ- Շիʿին»։

Ներկայումս փոխվել են կայսրություն ստեղծելու ձևաչափերն ու գործիքակազմերը, բայց նպատակը՝ ոչ։ Դրանք հանրությանը ներկայացվում են գեղեցիկ, ականջահաճո փաթեթավորումներով՝ մի վայրում «կոմունիկացիաների ապաշրջափակում», մեկ այլ վայրում՝ «Աստծո կուսակցություն», մյուսներում՝ «Աշխարհազոր» ստեղծելու անուններով։

Իրանագետ Ահարոն Վարդանյան

Գիտությունը հաջողության միակ միջոցն է: Գիտությանը մոտ կանգնելու, դրա զորությանը դիպչելու, դա ճանաչելու և ավելին, դա կիրառելու հնարավորություն ունենլու միակ ուղին՝ համառությունը, լայնախոհությունը, հավակնոտությունը և էլի համառությունը, լիքը համառությունը, անդադրում համառությունը...

Հայաստանին նման առաջնորդություն է պետք, ոչ մի այլ դեպքում Հայաստանը չի հաջողելու այնպիսի արագընթաց տեմպերով, ինչպիսիք էին օրինակ Սինգապուրինը և Հարավային Կորեայինը: Չկա աշխարհի երեսին երկիր, որ զարգացել է դրսից կամ ներսից հայտնված հարուստների կամ հաջողած գործարարների շնորհիվ...փողով չեն զարգանում, մեր խնդիրը փողը չէ, մեր համար մեկ խնդիրը առաջնորդությունն է:

հ.գ.

Մեր սահմաններին կրակում են, իսկ մենք հորթի պես գլուխներս կախ նստած սպասում ենք, ինչի՞ն...

Հովհաննես Ավետիսյան

Կալաշնիկովի նման պոպուլիստ քաղաքական գործիչների պատճառով է, որ Ռուսաստանը միջազգային հարթակում այսօր մնացել է գրեթե մենակ, առանց դաշնակիցների։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն։

«Կալաշնիկովյան ծուղրուղուներն  ի վնաս Ռուսաստանի  են

Օրերս ռուսական «Ազատ մամուլ» ծրագրի հյուրն էր Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, ով ռուս-հայկական հարաբերությունների առնչությամբ հանդես եկավ հստակ կողմնորոշված թուրքամետ դիրքորոշմամբ։

Ըստ սույն պատգամավորի, Ռուսաստանի շահերից չի բխում Հայաստանի պատճառով Թուրքիայի հետ հարաբերությունների վատացումը։ Դիմելով մեզ՝ հայերիս, նա հայտարարում է՝ «այդ դուք չեք մեր դաշնակիցները, դուք չեք գնա կռվեք Ղրիմի համար» ու խորհուրդ տալիս՝ «այնպես որ ծուղրուղու մի կանչեք» եւ հավելում․ «Կարծում եք որ մենք այլ բան չունե՞նք անելու, պետք է ամեն ինչ թողնենք ու գանք ձեզ համար կռվե՞նք»։

Եթե սա այս քաղաքական գործչի դիրքորոշումն է, համոզմունքը, միանգամայն պարզ է, թե քամին որ կողմից է փչում, եւ նա ում շահերն է սպասարկում։ Ակնհայտ է, որ Կալաշնիկովն ադրբեջանական շահերի հայտնի լոբիստ է, նրա ասածները պետք է ընդամենն ի գիտության ընդունել։ Իսկ եթե Կալաշնիկովի ասածը Ռուսաստանի իշխանությունների, քաղաքական էլիտայի դիրքորոշման արտահայտությունն է, ապա այն ռազմավարական դաշնակցի հետ հետայսու հարաբերություններ կառուցելու տեսակետից լուրջ մտորումների տեղիք է տալիս։ Այդ նույն Կալաշնիկովին, Ռուսաստանի իշխանություններին եւ, ինչու չէ, ողջ ռուս ժողովրդին ստիպված ենք հիշեցնել հետեւյալ անժխտելի փաստերը՝

-տարածաշրջանում ռուսների ու թուրքերի հայտնվելուց հետո ռուս-թուրքական թվով տասներեք պատերազմներում հայերը, չունենալով պետականություն, մշտապես եղել են ռուս զինվորի կողքին, հանդիսացել նրա բնական դաշնակիցը։ Ընդ որում տարածաշրջանում Ռուսաստանի հայտնվելը թելադրված է եղել բացառապես Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերով եւ ոչ թե հայերին փրկելու միֆով,

-խորհրդայնացումից հետո Հայաստանը լիարժեք ինտեգրվեց միասնական պետության կազմում՝ նաեւ Ռուսաստանը համարելով ընդհանրական հայրենիք։ Չլինելով պատերազմական գործողությունների էպիկենտրոնում՝ Մեծ հայրենականում, բնակչության մեկ շնչի հաշվարկով, Հայաստանը եղել է ամենաշատ զոհ տված հանրապետություններից մեկը, տվել է Խորհրդային Միության 100-ից ավելի հերոսներ, մի քանի տասնյակ մարշալներ ու գեներալներ։ Հետախուզության եւ հակահետախուզության ուղղություններով հայաստանյան ներկայացուցիչներն ունեցել են փայլուն ձեռքբերումներ, համագործակցության բացառիկ էֆեկտիվ օրինակներ՝ այդ թվում եւ հայոց Սփյուռքի ներուժի օգտագործմամբ,

-անկախացումից հետո, չնայած Արեւմուտքի գործադրած ջանքերին, ոչ հայ ժողովրդի, ոչ էլ իշխանությունների կողմից չի եղել հակառուսականության որեւէ դրսեւորում, Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցվել է ռուսական շահերին համահունչ, հանրապետության տարածքում շարունակել են տեղակայված մնալ ռուսական զորքերը, Ռուսաստանի ու Հայաստանի հատուկ ծառայությունները, զինված ուժերը շարունակել են սերտ համագործակցել փոխշահավետության, փոխվստահության մթնոլորտում։

Եթե Կալաշնիկովի արտահայտած մտքերը տարածաշրջանում Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականության ռեալության արտացոլումն են, եւ Ռուսաստանը մտադիր է դուրս գալ տարածաշրջանից, ապա պիտի պատրաստ լինի Սիրիա-Թուրքիա սահմանագծում ռուս օդաչուին, Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին սպանած ահաբեկիչների, պանթուրքիզմի գաղափարի իրականացման մոլուցքով տառապող թուրքալեզու զինվորների ներխուժմանը Ռուսաստանի, Միջին Ասիայի իր դաշնակից երկրների տարածք։ Այս դեպքում Հայաստանին մնում է, Սփյուռքի եւ Հայ եկեղեցու կարելիությունները նեցուկ ունենալով, բացառապես ապավինել սեփական ուժերին, ՆԱՏՕ-ի հետ գնալ դաշնային նոր հարաբերություների հաստատման՝ միգուցե ականջալուր լինելով Էրդողանի՝ հայերին ուղղված «խելքի գալու» կոչին։ Այս պայմաններում, երբ ռուսական զորքը դուրս կբերվի Արցախից ու Հայաստանից, իսկ թուրքական զինվորը կլինի բուն Ռուսաստանում ու ուղղակիորեն կբախվեն ռուս-թուրքական շահերը, մենք դեռ ականատես կլինենք, թե ինչպես են ռուսները ծուղրուղու կանչում՝ օգնության ակնկալիքով հայացքն ուղղելով նաեւ հայերիս։

Կալաշնիկովի նման պոպուլիստ քաղաքական գործիչների պատճառով է, որ Ռուսաստանը միջազգային հարթակում այսօր մնացել է գրեթե մենակ, առանց դաշնակիցների։ Ինչպես շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում բարձրանում է հակառուսական տրամադրվածությունը, որի վառ օրինակն այն է, որ առանցքային բարձր պաշտոնները զբաղեցնում են հակառուսական տրամադրվածություն ու կողմնորոշում ունեցող մարդիկ։

Հայաստանի անկախությունից ի վեր մինչ այսօր Հայաստանի ու Ռուսաստանի անվտանգության մարմինները մշտապես համագործակցել են ի շահ մեր երկրների անվտանգության, ուստի մեր գործընկերներին առաջարկում ենք ուշադրության կենտրոնում պահել «կալաշնիկովյան» մոտեցումները, քանի որ այդպիսիք կարող են խաթարել մեր դաշնակցային հարաբերությունները, ժողովուրդների դարավոր բարեկամությունը եւ Հայաստանին մղել դեպի Արեւմուտք։ Չպետք է փորձել օգտվել Հայաստանի ներկայիս թուլացած վիճակից, միեւնույն է, մեր ժողովուրդն արժանապատվորեն ոտքի է կանգնելու»,- նշվում է հայտարարության մեջ։

ԼՐԱՀՈՍ