ԼՈՒՐ24
ԼՈՒՐ24

ԼՈՒՐ24

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը աղմկահարույց հայտարարությամբ հանդես եկավ՝ տեղեկացնելով՝ Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր կտեղադրի:

«Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած, Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի, ուզում եմ հայտարարել, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի, այսինքն՝ ճանապարհի այդ հատվածում ևս կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր»,- ասել էր Գրիգորյանը:

Իսկ երեկ էլ նա տեղեկացրեց, որ քաղաքացիները հնարավոր է՝ վճարի դիմաց կարողանան անցնել Գորիս-Կապան ճանապարհով: Իր հերթին Նիկոլ Փաշինյանը փորձելով արդարացնել տեղի ունեցողը՝ երեկ Կառավարության նիստում ասաց, որ կարող է հարց ծագել. իսկ հնարավոր չէ՞ր բանակցել, որ այդ ճանապարհին ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր, հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր «միջանցքային տրամաբանությունը»:

Ուշագրավն այն հանգամանքն է, որ նախորդ շաբաթ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հաղորդել էր, որ այս շաբաթասկզբին նախատեսվում է Փաշինյան-Պուտին-Ալիև տեսակոնֆերանս:

Մինչ այդ մամուլում արտահոսք էր եղել, որ նախապատրաստվում է երկու փաստաթուղթ, որոնցից մեկը վերաբերելու է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման-սահմանագծման գործընթացին, մյուսը՝ ապաշրջափակմանը: Պեսկովին հաջորդեց Նիկոլ Փաշինյանի հերքումը.

«Նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որևէ պայմանավորվածություն չկա»: Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ սրան հաջորդեց Պեսկովի անդրադարձը.

«Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հստակ օրը դեռ չի որոշվել․ այս պահի դրությամբ որևէ փոխըմբռնում չկա»:

Դատելով Պեսկովի մեկնաբանությունների բովանդակության փոփոխությունից՝ եղել էր նախնական պայմանավորվածություն, որը, սակայն, չեղարկվել է կողմերից մեկի որոշմամբ: Եվ այս ամենում տարօրինակն այն է, որ Ադրբեջանը մաքսակետեր է սկսում տեղակայել առանց սահմանազատման-սահմանագծման գործընթացի, որին ՀՀ իշխանությունները ոչ միայն դեմ չեն, այլև համարում են հայկական օրակարգ:

Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման չեղարկմանը զուգահեռ՝ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 10-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաևի (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոյի (Ֆրանսիա) հետ, որին հաջորդել է հնգակողմ հանդիպում Ադրբեջանի ԱԳ նախարարի մասնակցությամբ, այսինքն՝ Փարիզում ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո կայացավ Միրզոյան-Բայրամով հերթական հանդիպումը: Սա, ի դեպ, պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկրորդ նմանատիպ հանդիպումն է: Առաջինը կայացել էր սեպտեմբերին Նյու Յորքում ընթացքում Գլխավոր ասամբլեայի շրջանակում:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը կարծիք հայտնեց, որ մաքսակետի տեղակայումն ամենայն հավանականությամբ որևէ կապ չունի սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ: Դա, նրա խոսքով, նախատեսված է առավելապես Իրանի համար:

«Այո, ռուսական կողմն ակնարկել էր, որ ընթանում են գաղտնի բանակցություններ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու շուրջ, բայց գործընթացը տապալվեց: Եվ ներկայումս անհասկանալի է, թե երբ նրանք կկարողանան հանդիպել: Բացի այդ, Օվերչուկի առաքելությունը եղավ Երևանում և Բաքվում, տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը պայմաններ է դնում Զանգեզուրի միջանցքի հարցով, այստեղ տարաձայնություններ կան, Երևանը կարծում է նաև, որ հյուսիսային երթուղին պետք է բացվի: Համաձայնության չեն կարողանում գալ: Սա՝ առաջին:

Երկրորդ՝ տեղեկատվություն եղավ Փարիզից, որ Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳՆ միջնորդությամբ հանդիպումներ է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, խոսքը ԵԱՀԿ ՄԽ վերագործարկման մասին է: Սա կողմերի միջև երկրորդ հարթակն է: Կա ձևաչափ Մոսկվա-Երևան-Բաքու և երկրորդ ձևաչափը, որն ունի իր օրակարգը և այնտեղ դրված է Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այն համոզմանն եմ, որ առանց այդ հարցի որևէ այլ հարց չի կարող կարգավորվել, դեմարկացիա չի կարող լինել, ինչո՞ւ, որովհետև եթե միայն Հայաստանը ճանաչում է դեմարկացիան, ճանաչում է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, դա մեկ սցենար է: Եթե հայկական կողմը կարծում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, որ կարգավիճակի հարցը պետք է լուծվի, դա լիովին այլ բան է: Զուգահեռ երկու գործընթաց է հայտնվում՝ ԵԱՀԿ ՄԽ և եռյակ: Հայաստանը մանևրում է: Ինձ մոտ տպավոորություն է, որ այդ հանդիպումը տապալել է հայկական կողմը, որպեսզի հայտնվի երկրորդ հարթակը, որտեղ Ֆրանսիան մոդերատորի դեր է ստանձնելու: Բաքուն և Երևանը չգտան ընդհանուր լուծումներ, կարելի է այսպես ասել»,- մեկնաբանեց Տարասովը:

Նրա համոզմամբ, եռյակի շրջանակում աշխատանքը տապալվել է, հայտնվել օդից կախված վիճակում, փոխվարչապետերը, ևս հայտնի չէ՝ ինչպես են աշխատելու: «Ալիևը Թուրքիայի հետ փորձում է առաջ մղել Զանգեզուրի միջանցքի թեման, հայերը դիմադրում են: Բաքուն լուրջ սխալներ է թույլ տալիս, թույլ չի տալիս Երևանին Անկարայի հետ առանձին պայմանավորվել, իր հետ՝ առանձին, նրանք ընդհանուր պլատֆորմով են աշխատում, ուժային մեթոդներով: Կարծես հայերին է առավել շատ պետք հայ-թուրքական սահմանի բացում այն դեպքում, երբ իրենք են Զանգեզուրի միջանցքի լոբբինգով զբաղվում, իսկ հայերը գնացին այլ ճանապարհով: Գործընթացը ներգրավվում է Արևմուտքը»,- ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

Կովկասագետ, «Ռեգնում» գործակալության խմբագիր Ստանիսլավ Տարասովն անդրադարձել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի՝ օրերս հայ և ադրբեջանցի գործընկերների հետ տեղի ունեցած հանդիպումներին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Քաղաքագետն ընդգծում է, որ թեև Ֆրանսիան համանախագահ երկրներից մեկն է, արտգործնախարարների մակարդակով ուղիղ շփման երկիրը դուրս է եկել ԼՂ-ում մարտական գործողությունների դադարից մեկ տարի անց միայն: Ի դեպ, Լե Դրիանը մատնանշել է «կողմերի միջև երկխոսության ակտիվացմանն աջակցելու ցանկությունը՝ ի շահ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման»: Վերջինս հավելել է, որ Մինսկի խումբը ակտիվ գործողություններ է ձեռնարկում այդ նպատակին հասնելու համար:

Սա Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների արդեն երկրորդ հանդիպումն էր, որը կազմակերպվել էր ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ: Առաջին հանդիպումը կայացել էր ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում Նյու Յորքում:

Տարասովը նկատում է, որ Լե Դրիանը, մեկնաբանելով գործընկերների հետ հանդիպման արդյունքները, նշել է, որ իրենք շարունակում են ջանքեր գործադրել կայուն խաղաղություն հաստատելու համար՝ կրկնելով այն, ինչ ավելի վաղ ասել էր Փարիզում: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Փարիզը դիտարկում է որպես «միջանկյան նշանակության փաստաթուղթ», այժմ խոսքը ԵԱՀԿ ՄԽ միջնորդությամբ «երկարաժամկետ կայուն համաձայնագրի» նախապատրաստմանն ուղղված ջանքերի մասին է: Ըստ քաղաքագետի՝ Հայաստանը կողմ է այդ դիրքորոշմանը՝ փաստելով, որ թեև հրադադարի ռեժիմը ԼՂ-ում պահպանվում է, ինչպես ասել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, «հակամարտությունը դեռևս չի կարգավորվել, դեռևս կան շատ հարցեր, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է»: Նրա խոսքով՝ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո:

Ինչ վերաբերում է Բաքվին, ապա նա բացասական է արձագանքում Մինսկի խմբի համանախագահների գործունեության վերսկսկման հեռանկարին՝ կարծելով, որ պատերազմից հետո «ղարաբաղյան հակամարտությունն այլևս գոյություն չունի», իսկ համանախագահները հետհակամարտային շրջանում պետք է զբաղվեն բացառապես հումանիտար բնույթի հարցերով:

Քաղաքագետի խոսքով՝ երբեմն թվում էր, որ ադրբեջանական իշխանությունները կամ կբարձրացնեն Ֆրանսիայի՝ համանախագահի կարգավիճակից զրկելու հարցը՝ համարելով, որ երկիրը հայամետ դիրքորոշում է ունեցել, կամ կհայտարարեն բանակցային ձևաչափից դուրս գալու մասին: Սակայն նման բան տեղի չի ունենում: Ըստ Տարասովի՝ Ալիևը, որոշակի նկատառումներից ելնելով, որոշել է հակամարտությունը դուրս չբերել համաշխարհային դիվանագիտության իրավասության դաշտից, չփչացնել հարաբերությունները Ֆրանսիայի հետ և համագործակցության գնալ Մինսկի խմբի հետ:

«Իր քաղաքականության փոփոխությունների պատճառն այս հարցում Բաքուն չի նշում, այդ իսկ պատճառով միայն ենթադրություններ կարելի է անել: Դատելով ըստ ամենայնի՝ Ալիևը չի հավատում «3+3» նոր բանակցային ձևաչափի արագ կազմավորմանը (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան), որն առաջարկել է թուրք-ադրբեջանական տանդեմը: Ըստ առաջարկված սխեմայի՝ այդ ծրագրի իրականացման դեպքում բանակցային գործընթացից դուրս էր մնալու միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ ՄԽ-ն: Ավելին, ՄԽ հովանու ներքո բանակցություններից Ադրբեջանի դուրս գալով՝ համանախագահ երկրներից մեկը կարող էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնել մի բանաձևի ընդունում, որով կարող էր չեզոքացվել Ադրբեջանի համար հաղթական արդյունքները պատերազմից հետո»,- գրում է Տարասովը՝ հիշեցնելով, որ նման փորձ պատերազմի վերջին օրերին Ֆրանսիան արել է՝ փորձելով հասնել մարտական գործողությունների ավարտի մասին բանաձևի ընդունման, սակայն այն արգելափակել էր Մեծ Բրիտանիան:

Ինչպես քաղաքագետը նկատում է, կարելի է ենթադրել, որ Բաքուն Լոնդոնից ազդանշան է ստացել, որ ևս մեկ նման մանևր ՄԱԿ-ի ԱԽ-ում իրականացնել չի ստացվի՝ արդեն ԱՄՆ դիրքորոշման պատճառով, որը կողմ է ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո բանակցությունների վերականգնմանը: Եվ վերջապես, Ադրբեջանին չհաջողվեց հասնել նրան, որ Մոսկվան նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո հեռանա մյուս համանախագահներից և ինքնուրույն շարունակի միջնորդական առաքելությունը ԼՂ հարցով:

«Այնպես որ ադրբեջանական դիվանագիտությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցային ձևաչափում դժվարին դուել է սպասվում, չէ որ ՄԽ-ն կարծում է, որ առկա ղարաբաղյան հակամարտության «վերջնական և կայուն համապարփակ կարգավորման հասնելու» անհրաժեշտություն և չի հրաժարվել նախկին փաստաթղթերում արձանագրված ինքնորոշման իրավունքը հարգելու սկզբունքից: Հենց այս քաղաքական պայմաններում էլ Ֆրանսիան որպես համանախագահ երկիր հանդես է գալիս միջնորդի դերում Բաքվի և Երևանի միջև երկխոսություն ծավալելու համար»,- նշում է փորձագետը:

Ինչպես մասնագետը նկատում է, Ռուսաստանը չի հրաժարվում ԵԱՀԿ ՄԽ իր մասնակցությունից և չեզոք դիրք է զբաղեցրել՝ ենթադրելով, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրի իրագործումը, մասնավորապես հաղորդակցությունների ապաշրջափակման մասով բարենպաստ քաղաքական և հոգեբանական հիմք կստեղծի Ադրբեջանի և Հայաստանի միջև փոխհարաբերությունների բարելավման համար: Սակայն այժմ ստիպված կլինի «համանախագահների գործողությունների համակարգման շրջանակում» լուծել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին առնչվող հարցը: Իհարկե, ինչպես միշտ, շատ բան կմնա կուլիսների հետևում: Ռուսաստանը որպես ՄԱԿ-ի Ախ մշատակն անդամ և ԵԱՀԿ ՄԽ համանագահ կարող է հայտնվել ոչ սովորական իրավիճակում: Սակայն որոշակի պարզություն կստեղծվի միայն այն ժամանակ, երբ համանախագահները սեղանին դնեն իրենց կողմից պատրաստվող առաջարկների փաթեթը հակամարտության կարգավորման հարցով:

«Մեր կարծիքով՝ այն պետք է ներառի Ղարաբաղում նոր հակամարտության բռնկման նախադրյալների վերացումը՝ հակամարտող կողմերի փոխադարձ քաղաքական վստահության աճի համար պայմանների ստեղծմամբ և Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ խաղաղ համաձայնագրով ամրագրված պարտավորությունների կատարմամբ: Ներկայում դժվար թե հաջողվի վերադառնալ Մադրիդյան սկզբունքների քննարկմանը, և համանախագահներն այլ ուղղությամբ պետք է կառուցեն խաղաղ երկխոսության շարունակությունը, հստակ երկու գիծ գծեն՝ բնական առաջնահերթությունը տալով պատերազմի և խաղաղության խնդիրներին և երկրորդ տեղում թողնելով մյուս հումնանիտար հարցերը: Եթե կայուն առաջընթաց չլինի առաջին գծով, մյուս հարցերի քննորկումը կորցնում է իմաստը: Չի բացառվում, որ Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ շրջանակում Բաքվին և Երևանին կառաջարկի ընդարձակ խաղաղ համաձայնագրի ստորագրում, որին կարող են հաջորդել որոշակի քայլեր երկու կողմից՝ ընդհուպ մինչև դիվանագիտական հարաբերություններ միմիյանց հետ: Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Փարիզը պատրաստ է ստանձնել առաջին ջութակի դերը ԼՂ հարցով նոր բանակցություններում»,- գրում է Տարասովը:

Եվրամիությունը (ԵՄ) մեկ տարով երկարաձգել է Արևելյան Միջերկրական ծովում հորատման աշխատանքների համար Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները։ Այդ մասին, ըստ  ermenihaber.am-ի՝ ասվում է ԵՄ երկրների խորհրդի հաղորդագրության մեջ։​

«Ի պատասխան Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիայի չարտոնված հորատման աշխատանքներին՝ ԵՄ Խորհուրդն այսօր որոշում է կայացրել երկարաձգել պատժամիջոցները մինչև 2022 թվականի նոյեմբերի 12-ը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ վերջին տարիներին Թուրքիան, խախտելով Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտին, սկսել էր էներգետիկ ռեսուրսների որոնման և հորատման աշխատանքներ տանել՝ հիմնավորելով, որ նման լիազորագիր ունի Կիպրոսի թուրքերի կողմից:

Իրանցի վարորդները բողոքում են՝ նոր Տաթև-Աղվանի նոր ճանապարհը նեղ է բեռնատարների համար: Վարորդներն «Ազատության» հետ զրույցում նշեցին, որ այս ճանապարհով գալիս են, քանի որ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածով անցնելիս բավականին խնդիրներ են առաջանում: Նրանց փոխանցմամբ՝ մոտավորապես 130 դոլարի չափ հարկ են վճարում:

Թեև պաշտոնյաները՝ վարչապետի մակարդակով, հավաստիացնում են, որ բեռնատարների համար կիրառելի է Տաթև-Աղվանի ճանապարհը, սակայն այսօր «Ազատության» նկարահանող խումբն արձանագրեց, որ ամեն դեպքում ճանապարհի տարբեր հատվածներում բեռնատարների վարորդների համար խնդիրներ են առաջանցում: Ճանապարհի մի հատվածում մեր տեսախցիկը նկարեց մի բեռնատար, որը կողաշրջումից էր փրկվել:

«Ճանապարհը փոքր ա, մի հատ ավտո գալիս ա էս էլ կանգնում ա, էս էլ լավ չի էլի, ավտոները մնում են, հիմա քաշելու բան չկա, էս էլ մնալու ա ստեղ, ի՞նչ անենք հիմա, էս էլ շատ վատ ա, Ադրբեջանով գնում ենք, փող կուզի, փող չես տալու, մնում ենք էստեղ», – ասաց իրանցի վարորդներից մեկը:

«Մենք հիմա նոր ճանապարհով ենք գալիս, որը դեռ վերջնական չէ և շատ նեղ է, ադրբեջանական ճանապարհով չենք ուզում գնալ-գալ, որպեսզի գումար չտանք, այս ճանապարհին էլ ոչ մի օգնություն չկա, որպեսզի խնդիր լինելու դեպքում օգնեն՝ մեծ մեքենաներին տեղաշարժեն», – ասաց մեկ այլ վարորդ:

Անթույլատրելի եւ անընդունելի եմ համարում ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության սահմանների, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության, մեր քաղաքացիների կյանքի, նրանց ազատ եւ անվտանգ տեղաշարժի եւ բոլոր այլ հիմնարար իրավունքների նկատմամբ։ Այս մասին իր Telegram-ալիքում գրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Ցանկացած ոտնձգության դեպքում համապատասխան պետական մարմինները եւ պաշտոնատար անձինք Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները եւ օգտագործել բոլոր հնարավորությունները՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ նրա սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու համար»,- գրել է նա։

Սաակաշվիլին դադարեցնում է հացադուլը. փաստաբան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել, որում նշված է, որ Փարիզում առանձին հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Համանախագահները երկու արտործնախարարներին ընդունել են համատեղ հանդիպման ժամանակ, որի բացումն արել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը։

Համանախագահները և արտգործնապարարները քննարկել են ապաէսկալացմանն ուղղված հնարավոր միջոցները և գործընթացի հաջորդ քայլերը, ներառյալ ապագա հանդիպումներն այս ձևաչափով և համանախագահների նախատեսվող այցը տարածաշրջան։ Համանախագահները և նախարարները քննարկել են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարումը։

Համանախագահները վերահաստատել են մարդասիրական հարցերում առաջընթացի կարևորությունը, ներառյալ ձերբակալվածների, ականազերծման, անհետ կորածների, տեղահանված անձանց կամավոր վերադարձի և պատմամշակութային վայրերի պահպանության հարցերը և կոչ են արել կողմերին հասանելիություն տալ միջազգային մարդասիրական կազմակերպություններին։ Համանախագահները շեշտել են նաև սադրիչ գործողություններից և բորբոքիչ հռետորաբանությունից խուսափելու կարևորությունը։

Համանախագահները նոյեմբերի 10-ին և 11-ին հանդիպել են Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և Ելիսեյան պալատի ներկայացուցիչների հետ և քննարկել նրանց ջանքերը՝ միտված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող մնացած բոլոր հարցերի համարհամապարփակ լուծումներ գտնելուն։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը. 4 անձ ձերբակալվել է:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2021թ. նոյեմբերի 11-ին 4 անձ, հրազենային տարբեր մարմնական վնասվածքներով, բուժօգնության է ընդունվել Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց և «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ: Նրանցից երկուսը, գիտակցության չգալով, մահացել են:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերը նշված բոլոր անձինք հրազենային վնասվածքները ստացել են Երևան քաղաքի Քանաքեռի 16-րդ փողոցի տներից մեկի բակում տեղի ունեցած միջադեպի ժամանակ:

Կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ևս երկու տղամարդու դի, ինչպես նաև՝ 28 հատ տարբեր տրամաչափի պարկուճ, 12 գնդակ, 4 ատրճանակ և 2 ինքնաձիգ:

Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտե

Ըստ նախնական պայմանավորվածության, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Չինաստանի նախագահ Սի Ծինպինի վիրտուալ գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 15-ին, հայտնում է Politico-ն՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրին։

Ավելի վաղ Financial Times-ը գրել էր, որ Բայդենը սեպտեմբերին Սի Ծինպինի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է նրան անցկացնել առաջին դեմ առ դեմ հանդիպումը, սակայն Ծինպինը մերժել էր։ Ամերիկացի առաջնորդը հերքել է այս հաղորդագրությունը։

Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս տասնմեկի կեսգիշերից նրանք պատրաստվում են մաքսային-անձնագրային հսկողություն իրականացնել նաև ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ oգոստոսից Ադրբեջանը իր տարածքով անցնող Իրանի բեռնատարների նկատմամբ մաքսային վարչարարություն էր իրականացնում։

«Ծանուցումը ստանալուց հետո մենք որոշում ենք կայացրել այդ հատվածով ուղղորդվել դեպի Կապան Աղվանի, Տաթև, Հալիձոր, Շինուհայր M2 ավտոճանապարհով և այդտեղով իրականացնել երթևեկությունը»,–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այդ ավտոճանապարհը՝ Տաթև–Աղվանի հատվածը, որը մի քանի տասնյակ տարի անանցանելի է եղել, ասֆալտապատվել և շահագործման է հանձնվել նախորդ շաբաթ, և ինքը նախորդ շաբաթ դրանով գնացել է և վերադարձել  է և ասաց, որ ստացել են որակյալ ճանապարհ։

Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի երեկվա որոշումից հետո իրանական բեռնատարների համար իրադրությունը չի փոխվում, և նրանք կարող են երթևեկել նաև Տաթև–Աղվանի ճանապարհով։ Նա շեշտեց, որ  ճանապարհը դրանից չի երկարում, ընդհակառակը, որակը հաշվի առնելով,  նույնիսկ կրճատվում է ճանապարհը։ Նա հայտնեց, որ այլընտրանքային ճանապարհների շինարարության ծավալուն աշխատանքներ են իրականացվում և Երթևեկության տրամաբանության փոփոխության արդյունքում ոչ մի գյուղ չի կտրվում։

«Շահարկումներից խուսափելու համար պետք է հիշեցնեմ, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում, խոսքը Էյվազլիի հատվածի մասին է, հիմա կարող է այլ հարց ծագել, որ հնարավոր չէր բանակցել, որ այդ ճանապարհին ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր․ հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր միջանցքային տրամաբանությունը, ինչը անընդունելի էր մեզ համար»,–ասաց նա և նշեց, որ դա երբևէ չեն քննարկելու։

Նիկոլ Փաշինյանը  նշեց, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ հայտարարությունների դրույթներին։ Նա նշեց, որ Գորիս–Կապան ավտոճանապարհին ՀՀ–ն նույնպես ըստ անհրաժեշտության անցման տեղերում կտեղադրի մաքսային-անձնագրային հսկողության կետեր։

«Այս ընթացքում, ուզում եմ ընդգծել, այս չափազանց կարևոր ժամանակահատվածում մեզ անհրաժեշտ է սառնասրտություն, ամուր նյարդեր։ Հայաստանի շուրջ նոր միջավայր է ձևավորվում, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ միջավայրը լինի հնարավորինս համապատասխան մեր երկարաժամկետ ռազմավարական շահերին, և մենք գնում ենք այդ ճանապարհով»,–հավելեց նա։

ԼՐԱՀՈՍ