ԼՈՒՐ24
ԼՈՒՐ24

ԼՈՒՐ24

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է․

Մեր երկրում ստեղծված այս օրհասական դրության պայմաններում չենք կարողանում արդյունավետ աշխատանք կատարել՝ որպես օրենսդիր:

Ցավալի է, բայց խորհրդարանական երկրում առաջնային մանդատով օժտված պատգամավորներով չենք կարողանում անհրաժեշտ ջանքեր գործադրել՝ կանխելու մեր պետության հետ կատարվող այս անթույլատրելի իրավիճակը։

Ընդդիմության առաջնորդներին առաջարկում եմ հնարավորինս շտապ քննարկել, օրինակ, ԱԺ պատգամավորի մանդատներից հրաժարվելու հարցը՝ միաժամանակ հայտարարելով, որ ովքեր մանդատ կվերցնեն, հայրենիքի դավաճան են։

Հարգելի՛ գործընկերներ, պետք է շտապ գործենք, հայրենիք ենք կորցնում։

Հ. Գ. Սա պայքարի տարբերակներից մեկն է, գուցե այլ ձևաչափ առաջարկվի: Կոնսենսուսային լուծում է պետք:

Հետքի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը գրել է․

Պաշտպանության նախարարին հանելը շատ քիչ է, նրան, շտաբի պետին պետք է կալանավորել: Էս խրամատներում դուք քանի՞ ժամ կմնաք, էս ի՞նչ վիճակում է զորքը: Լավ, ո՞նց կարող է թշնամին անարգել, առանց մի կրակոցի գա, հասնի քո դիրքեր, քեզ հանի էնտեղից: Սա ուղեղում տեղավորվելիք չի: Գուցե էս դիրքերը տալու համար էլ պայմանավորվածություններ կան, թե՞ ընդամենը համատարած բարդակի մի դրսեւորում է: Ինչո՞ւ սահմանի դիրքերը չեն կահավորվում, ինժեներական աշխատանքներ չեն կատարվում, այս հարցերի պատասխաններն ինչ-որ մեկը տալո՞ւ է, թե սա վարչապետի խաղաղության դարաշրջանի տրամաբանության շրջանակում է:

hraparak.am․ Մեր տեղեկություններով՝ անցած շաբաթ օրը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբ պետ Արտակ Դավթյանին մեղադրանք են առաջադրել «անորակ հրթիռների» գործով, սակայն խափանման միջոց չի ընտրվել։

Մեղադրանքն առաջադրվել է Կապանի մի քանի գյուղերի ճանապարհներին ադրբեջանական կողմից մաքսակետեր դնելուն զուգահեռ, այսպիսով՝ իշխանությունը այս մեղադրանքով փորձելու է փակել Դավթյանի բերանը, որպեսզի հնազանդ կատարի բոլոր հանձնարարությունները՝ կապված Ալիևի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ։
 
Մասնավորապես՝ ՊՆ նախարար Արշակ Կարապետյանն երեկ չի համաձայնել իշխանության հետ՝ թողնել, որպեսզի ադրբեջանցիները անարգել տեղաշարժվեն մեր տարածքում, այդ իսկ պատճառով ազատման դիմում է գրել։ Թիրախում հայտնվել է Արտակ Դավթյանը․ պայման են դրել՝ կամ կատարում ես մեր հրամանները՝ ադրբեջանցիներին չխանգարելու հետ կապված, կամ կալանավորվում ես։
 
Իրավապահ մարմիններն իշխող ուժի հրահանգով ամեն ինչ անում են, որ մեղադրանք առաջադրելու թեման չհրապարակայնացվի։ Ընդ որում, նախաքննական մարմինն այս քրեական գործով հայտնվել է փակուղում, քանի որ ԳՇ-ի բոլոր պնդումները հիմնավորվել են, որ հրթիռները եղել են որակյալ և դրանք գնելու անհրաժեշտությունը իրականում եղել է։

Նույն տեղեկություններով՝ Դավթյանի շահերը ներկայացնում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչության նախկին պետ Մնացական Մարուքյանը, որն այժմ անցել է փաստաբանական գործունեության։ Վերջինս «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ՝ ինչ մեղադրանքի մասին է խոսքը եւ ինքը նշված գործով որպես փաստաբան ներգրավված չէ։

Հնարավոր բոլոր պաշտոնական աղբյուրներով փորձեցինք ճշտել տեղեկությունը․ Արտակ Դավթյանը հեռախոսազանգերին չի պատասխանում, գործով մյուս մեղադրյալների պաշտպանները եւս տեղյակ չէին մեղադրանքից։ Դավիթ Տոնոյանի փաստաբանը միայն նշեց,որ թեպետ Դավթյանին մեղադրանք առաջադրելու ինֆորմացիա չունի, սակայն,որ հնարավոր է նման բան տեղի ունենա, ենթադրելի է։ Իսկ ԱԱԾ-ն այս լուրի համար գրավոր հարցում պահանջեց։

Հիշեցնենք, որ «Անորակ հրթիռների» գործով մինչ այս պահը անցնում էին 4 անց՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը, 2009-ից մինչև 2019-ը ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը նախկինում զբաղեցրած  գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ստեփան Գալստյանը։

Հայաստանի անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Սույն թվականի նոյեմբերի 14-ին ժամը 13.00-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանագծի արեւելյան տեղամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:

Ադրբեջանական ԶՈւ գործողությունների հետեւանքով Հայաստանի ԶՈւ չորս մարտական դիրքեր հայտնվել էին շրջափակման մեջ: ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինտեխնիկան եւ զորքը բանակցությունների արդյունքում դուրս են եկել ՀՀ տարածքից, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվել վերոնշյալ չորս մարտական դիրքերից: Այնուամենայնիվ՝ նշված հատվածում շարունակում են ծավալված մնալ դեռեւս ս/թ մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական զինծառայողներ:

Լուրերը, թե ՀՀ ԶՈւ վերադաս հրամանատարության կամ քաղաքական իշխանության կողմից դիմադրություն ցույց չտալու հրաման է արձակվել՝ իրականությանը չեն համապատասխանում: Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը համապատասխան մարմիններին հանձնարարել է իրականացնել միջադեպի պատշաճ քննություն:

Անվտանգության խորհուրդը Ռուսաստանի Դաշնության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության եւ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում Ադրբեջանի զինված ուժերի շարունակական ագրեսիվ գործողությունների վրա եւ ընդգծում, որ այդ գործողություններն ուղղված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ տարածաշրջանային անվտանգության ու կայունության դեմ, ինչպես նաեւ հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին:

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը արտահայտում է իշխանությունների եւ ժողովրդի վճռականությունը  հայրենիքի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ անկախությունը պաշտպանելու գործում:

Անդրադառնալով Գորիս-Կապան եւ Կապան-Ճակատեն ավտոճանապարհների՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներին, հարկ ենք համարում ընդգծել, որ դրանք դեռեւս ԽՍՀՄ տարիների՝ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմաններին վերաբերվող ուղղակի իրավական նշանակություն ունեցող փաստաթղթերի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում չեն գտնվում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը միջոցներ է ձեռնարկել Սյունիքի մարզում այլընտրանքային ճանապարհների նոր ցանցի ստեղծման ուղղությամբ եւ այդ աշխատանքներն առաջիկայում ավարտին կհասցվեն: Հարկ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության որեւէ բնակավայր կենսապահովման ճանապարհից զրկված չէ:

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը շարունակում է ընդգծել հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտությունը, այն է՝ Խորհրդային Հայաստանի եւ Խորհրդային Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագծից զորքերի հայելային ետքաշում եւ միջազգային հովանու ներքո սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթացի մեկնարկ:

Նաեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը կոչ ենք անում ակտիվացնել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ համապարփակ կարգավորման ուղղությամբ»:

168.am-ի տեղեկություններով, Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ է նշանակվելու Նիկոլ Փաշինյանի նախկին խոսնակ Մանե Գևորգյանը, ով վերջերս էր, այսպես ասած, վայր դրել Նիկոլ Փաշինյանի խոսնակի պարտականությունները: 

Արշակ Կարապետյանն ազատվեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից։ Նրան կփոխարինի փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը քիչ առաջ երկու հրամանագիր ստորագրեց, որոնցից մեկով Արշակ Կարապետյանն ազատվեց պաշտպանության նախարարի պաշտոնից, իսկ մյուսով Սուրեն Պապիկյանը նշանակվեց այս պաշտոնում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որին բացի ԱԽ անդամներից մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանը նշել է.

«Ազգային ժողովի մեծարգո նախագահ,

Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ,

հարգելի գործընկերներ,

երեկվանից մենք այս կազմով, տարբեր ձևաչափերով մի քանի անգամ հանդիպումներ և քննարկումներ ենք ունեցել: Քննարկումների առարկան եղել է հայ-ադրբեջանական սահմանի արևելյան տեղամասերից մեկում ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժման փաստը: Այսօր նիստի նպատակը մեր քննարկումներն ամփոփելն է, նաև մեր հանրությանն ամբողջական տեղեկատվություն տալը տեղի ունեցած իրադարձությունների մասին:

Մինչ այդ ուզում եմ ընդգծել, որ ես որոշում եմ կայացրել Արշակ Կարապետյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնից և այդ պաշտոնում նշանակել Սուրեն Պապիկյանին, ով այս պահին զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնը:

Այս որոշումը կայացվել է երեկվանից ծավալվող իրադարձությունների վերլուծության արդյունքում: Ես պարոն Կարապետյանին առավոտյան հրավիրել եմ և շնորհակալություն հայտնել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում իր կատարած աշխատանքի համար, ասել եմ, որ գնահատում եմ կատարված աշխատանքը, բայց այս պահին իրադրությունն ինձ հանգեցրել է որոշման, որ պիտի Պաշտպանության նախարարի փոփոխություն տեղի ունենա:

Այսօր մենք նախ կլսենք Գլխավոր շտաբի պետի՝ պարոն Դավթյանի զեկույցը ստեղծված իրադրության և ընդհանուր առմամբ օպերատիվ իրավիճակի մասին, նաև իրավիճակի վերլուծություն կանենք և մի քանի ուղղություններով կփորձենք որոշում կայացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված մեր գործողությունների վերաբերյալ»:

Իրանի հարավում տեղի ունեցած երկրաշարժից տուժածների թիվը հասել է 99-ի, հայտնում է ISNA-ն՝ վկայակոչելով բժիշկներին։ Ավելի վաղ հաղորդվում էր երկու զոհի եւ 27 վիրավորի մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այս պահի դրությամբ այդ 99 տուժածից հոսպիտալացվել է 10 մարդ»,- գործակալությանը հայտնել է ցնցումներից տուժած Հորմոզգան նահանգի բժշկական համալսարանի ներկայացուցիչ Ֆաթիմա Նուրուզիանը։

Նա նաեւ հավելել է, որ անհրաժեշտ բժշկական օգնություն ստանալուց հետո 88 մարդ տուն է ուղարկվել:

Կիրակի կեսօրին ավելի քան 6.0 մագնիտուդով երկու երկրաշարժ էր տեղի ունեցել։ Դրանց էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Աբբաս քաղաքից (Հորմոզգանի նահանգ) մոտ 60 կիլոմետր հեռավորության վրա: Գրանցվել է մի քանի հետցնցում։

Հրանտ Մելիք-Շահնազարյանը Թելեգրամի էջում գրել է «Հայաստանն իր սուբյեկտայնությունը սկսել է կորցնել 2018թ. երկրորդ կեսից։ Ճիշտ օրն էլ է հայտնի՝ 2018թ. սեպտեմբերի 28։ Այդ օրը Նիկոլ Փաշինյանը Դուշանբեի վերելակներից մեկում հանդիպեց Ալիևին, հետո եկավ ու հայտարարեց, որ վերջինիսի հետ համաձայնություններ է ձեռք բերել։ Դրանից հետո օր օրի Հայաստանն ավելի ու ավելի քիչ էր ազդում սեփական ճակատագիրը կանխորոշող որոշումների վրա։

2020թ. Հուլիսյան մարտերից հետո հայկական պետությունը դիվանագիտական դաշտում իրավիճակը շտկելու վերջին շանսը ստացավ, բայց այդ ուղղությամբ աշխատելու փոխարեն Փաշինյանն ու նրա թիմակիցները նախընտրեցին հաղթանակ տոնել, հընթացս էլ մատ թափ տալ Ռուսաստանի, Թուրքիայի և ընդհանրապես ողջ աշխարհի վրա։

Այդ պահից սկսած Հայաստանի հետ ոչ ոք ոչինչ այլևս չի քննարկել։ Որոշումները կայացվել են այլ մայրաքաղաքներում ու խոսքով, իսկ հաճախ էլ զենքի ուժով պարտադրվել Երևանին։ 2019-ից մինչ օրս ոչինչ չի փոխվել։ Հայաստանը շարունակում է մնալ լուսանցքում ու կատարել այլոց որոշումները։

Դրա համար, հիմա երբ փորձում ենք հասկանալ, թե ինչ է կատարվում Սյունիքում, ինչու՞ է թշնամին շարունակում տարածքներ զավթել սահմանում և ստորացնել մեր զորքը, պետք է հստակ իմանանք, որ պատասխանը մեկն է՝ կապիտուլյացիա ստորագրած ՀՀ իշխանությունները հերթական սխալն են գործել ու հիմա պատժվում են դրա համար։ Իրավիճակի ողբերգությունը նրանում է, որ ՀՀ կառավարության քայլերի սխալն ու ճիշտը հիմա այլոք են որոշում։ Հիմնականում Ալիևը։ Ուստի, երբ Փաշինյանն իրեն «ճիշտ» է պահում, Ալիևը դրանից գոհ է։

Իսկ երբ «սխալ», ապա պատժում է։

Ու սա փակ շղթա է, որը կարելի է պատռել բացառապես մեկ եղանակով՝ Փաշինյանին իշխանությունից հեռացնելով։ Կարծում եմ՝ Փաշինյանն ինքն էլ է լավ հասկանում սա։ Բայց նա շարունակում է կառչած մնալ աթոռին, ինչով և հերթական անգամ ապացուցում է իր դավաճան լինելու փաստը։ Դե իսկ ընդդիմությունն էլ, ինչպես տեսնում ենք, չի կարող այդ հարցը լուծել։

Պատճառները շատ են, բայց իմ կարծիքով խորքային ու ամենակարևոր պատճառն այն է, որ էլիտաները մեծ հաշվով գոհ են Փաշինյանի իշխանությամբ։ Էլիտաները ազգային շահով չեն առաջնորդվում։ Ոչ էլ պետական։ Նրանք իրենց սեփական շահն ունեն, որը չեն ուզում ռիսկի ենթարկել։ Դրա համար էլ լուռ հետևում են պետության կործանման գործընթացին։

Հենց էլիտաների և ոչ թե հանրային լայն շրջանակների դավաճանությունը հնարավոր դարձրեց 2018-ի հեղաշրջումը։ Հետո մեր պարտությունը։ Իսկ հիմա էլ՝ կործանումը։

Այս ամենով հանդերձ, սակայն, ես շարունակում եմ վստահ լինել, որ բեկման պահը հասունացել է։ Աստված առաջ, շատ շուտով հայկական պետությունը կսկսի վերականգնվել ու այդ ընթացքում ամենակարևոր հանգամանքն այն կլինի, որ ազգային ռեսուրսներ վատնող տարաբնույթ կենդանիներ կրկին չմակաբուծեն պետական ու հանրային ինստիտուտների վրա։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի առանձին աշխատակիցների ներգրավմամբ գործել է կոռուպցիոն սխեմա, որի շրջանակներում, գնումների գործընթացում հաղթող ճանաչված շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներից պաշտոնատար անձինք պահանջել և ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք-գումարներ։

Մասնավորապես, նախապատրաստված նյութերում առկա փաստական տվյալների համաձայն, պետական մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ հանդիսացող, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերի իրականացման բաժնի ղեկավարը, հիմնադրամի կողմից 2021 թ-ի հուլիսին անցկացված միջնակարգ դպրոցի կառուցման աշխատանքների շուրջ 1,8 մլրդ դրամի արժողությամբ  մրցույթում հաղթող ճանաչված կապալառու կազմակերպության սեփականատիրոջից, վերոնշյալ դպրոցի կառուցման աշխատանքների ընթացքում, կապալառու ընկերության օգտին իր լիազորությունների շրջանակներում հովանավորչության, այդ թվում՝ հիմնադրամին ներկայացված շինարարական աշխատանքների ընթացիկ ավարտական ակտերն անխոչընդոտ ընդունելու համար պահանջել է առանձնապես խոշոր չափերով 25.000.000 ՀՀ դրամ կաշառք, որից 2.404.100 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլարը պաշտոնատար անձը ստացել է 2021 թ-ի սեպտեմբերին։

Ստացված տեղեկությունների իրացման նպատակով, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2021 թ-ի նոյեմբերի 12-ին պաշտոնատար անձի կողմից կաշառքի հերթական մասնաբաժինը՝ 1.900.760 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլարը ստանալուց հետո, նա և կաշառք տված անձը բռնվել և բերման են ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։ Անձնական խուզարկության արդյունքում պաշտոնատար անձի մոտից հայտնաբերվել է կաշառքի առարկա գումարը։

Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Պաշտոնատար անձը և նրան կաշառք տվողը ձերբակալվել են, իրականացվում է նախաքննություն։

Իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումեր կոռուպցիոն սխեմայի հնարավոր բոլոր դրվագները, դրանցում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և յուրաքանչյուր արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։

Տեղեկացնում ենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը շարունակելու է նպատակաուղղված պայքար մղել պետության տնտեսական հիմքերը քայքայող տարաբնույթ կոռուպցիոն երևույթները բացահայտելու, դրանց հետագա ծավալումը կանխելու ուղղությամբ, տեղեկացնում են ԱԱԾ-ից:

ԼՐԱՀՈՍ