ԼՈՒՐ24
ԼՈՒՐ24

ԼՈՒՐ24

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելը ժամանակավոր բնույթ է կրելու: Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Պապիկյանին ՊՆ է ուղարկել մի նպատակով՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվոմ նախարարության ներսում:

Բանն այն է, որ ՊՆ-ում, սահմանային իրավիճակին զուգահեռ, ներքին գզվռտոց է, եւ պաշտոնյաներից մինչեւ շարքային միմյանց վրա են գցում որեւէ աշխատանք կատարելու պատասխանատվությունը, միմյանց անգործության մասին հասցնում են ղեկավարներին եւ այսպես շարունակ:

Արդյունքում նախարարությունը թափ տալու գործընթաց է սկսվելու, եւ այդ գործընթացի արդյունքում ընդհուպ բարձրաստիճան ազատումներ են սպասվում, այդ թվում` ԳՇ պետ Արտակ Դավթյան, նրա տեղակալներ եւ այլ գեներալներ»:

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսական բարձրաստիճան շրջանակներին հարող մեր աղբյուրն ասաց, որ նոյեմբերի 9-ի հանդիպումից կամ տեսակոնֆերանսից Նիկոլ Փաշինյանի հրաժարվելն ադրբեջանական կողմին մղել է գնալ զինված ճանապարհով հարցի լուծման: Իսկ Փաշինյանը հրաժարվել է այդ հանդիպումից մի պարզ պատճառով` հայաստանյան հանրության մեծ ճնշման ներքո:

Նա, որպես կանոն, նահանջում է, երբ վտանգ է տեսնում, իսկ մեր հանրային շրջանակները` Ֆեյսբուք, լրատվամիջոցներ, ընդդիմություն, այնպիսի մեծ աղմուկ բարձրացրին, որ տպավորություն ստեղծվեց, թե ինչ-որ փաստաթղթի ստորագրումը կարող է իշխանափոխության պատճառ դառնալ: Եվ նա նախընտրեց հրաժարվել հանդիպումից ու թույլ տալ, որ Իլհամ Ալիեւը զինված ուժով լուծի հարցերը, որ իրեն հետո «չասեն դավաճան»:

Ամենաուշագրավն այն է, որ ռուսական տարբեր խողովակներով փորձում են համոզել ՀՀ ընդդիմությանը, հեղինակություն վայելող անձանց, որ` դադարեցրեք ճնշումները, եթե չեք ուզում առանց դեմարկացիայի, զինված ուժով եւ զոհերի գնով տարածքներ տաք:

Ռուսական էմիսարները, այդ թվում՝ Հայաստանում ՌԴ դեսպանը, հանդիպումներ են ունենում տարբեր շրջանակների հետ եւ հորդորում չխանգարել իրավական գործընթացներին, թույլ տալ, որ սահմանազատում իրականացվի փաստաթղթով, որ Ռուսաստանն էլ կարողանա ինչ-որ բանով աջակցել մեզ: Եվ ամենակարեւորը` պատերազմ, զոհեր եւ տարածքների անօրինական զավթում տեղի չունենա: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տալու զինված դիմադրություն ցուցաբերել` հենց դրա համար էլ Սուրեն Պապիկյանը նշանակվեց, իսկ թշնամին որտեղից կարողանա, ներխուժելու եւ տիրանալու է մեր հողին»:

ԱՄՆ-ը ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերության անձնակազմին առաջարկել է ամերիկյան վիզաների համար թռչել Երևան ՝ դա ներկայացնելով որպես «հսկայական քայլ առաջ»։

SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, այս  մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում դիվանագիտական աղբյուրը։

«Այստեղ < … > ուղղակի ինչ-որ ծաղր է։ Այն, որ նրանք համաձայնել են Երևանում «Աէրոֆլոտի» անձնակազմերին ընդունել իրենց դեսպանատանը, նրանք ներկայացնում են որպես հսկայական քայլ առաջ։ Այսինքն՝ մարդիկ մեկնում են Երևան վիզա ստանալու համար», – նշել է գործակալության զրուցակիցը ։

Աղբյուրի խոսքով՝ Վաշինգտոնը միտումնավոր այնպիսի գործողություններ է իրականացնում, որ դժգոհություն առաջացնի ռուսական կողմի մոտ՝ Մոսկվայում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունում ՌԴ-ի և այլ երկրների քաղաքացիներին աշխատանքի ընդունելու արգելքի հետ կապված։

Ի պատասխան Վաշինգտոնի հայտարարած հակառուսական պատժամիջոցներին և դիվանագետների հերթական արտաքսմանը՝ Մոսկվան սահմանափակումներ է մտցրել ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության կողմից ՌԴ և այլ երկրների քաղաքացիներին աշխատանքի ընդունելու հարցում: ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ մայիսի 12-ից կնվազեցնի տրամադրվող հյուպատոսական ծառայությունների թիվը, այդ թվում ՝ կդադարեցնի վիզաների փաստաթղթերի քննությունը, որոնք նախատեսված չեն դիվանագիտական ուղևորությունների համար: Դիվանագետներին վիզաների տրամադրումը նույնպես զգալիորեն դանդաղել է։ Օգոստոսի 1-ից Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը շարունակել է աշխատանքը հինգ տարվա ընթացքում նվազագույն կազմով։

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ ոչ ոք չի խոչընդոտում ԱՄՆ-ի դեսպանատանը 455 դիվանագետների քվոտան լրացնել ԱՄՆ-ի աշխատակիցների հաշվին:

Իսկ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասելիք չունի՞։

Ես դեռ չգիտեմ, թե ինչո՞ւ է հրաժարական տվել պաշտպանության նախարարը։ Պատճառները, իհարկե շատ են, իսկ նա ոլորտային առաջնահերթություններն այդպես էլ չսահմանեց, ըստ այդմ՝ լուծումներ տալու կարողություն չուներ։

Բայց հարցն այն է, որ երեկվա միջադեպի անմիջական պատասխանատուն ԳՇ պետն է, իսկ նրա օրոք, հիշեցնեմ, որ ավելի մեծ մասշտաբի տարածքային կորուստ ունեցանք նաև այս տարվա մայիսին։

Հենց ԳՇ պետի անգործության պայմաններում, առաջին գծում ինժեներական/ամրաշինական աշխատանքներ չիրականացնելու և պատշաճ մարտական հերթապահություն չսահմանելու արդյունքում, թշնամին Սյունիքից-Գեղարքունիք, տարբեր տեղամասերում, մինչև 3.8 կմ խորությամբ ներթափանցում ապահովեց։

Կրկնում են՝ Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու այնքան հիմք կար, որ նրան կարելի էր մեկ ամիս, օրը մի հիմնավորմամբ պաշտոնից ազատել, բայց դա ոչնչով չի փոխում ԳՇ պետի՝ ծառայության նկատմամբ անտարբերությունը և սահմանների նկատմամբ անպատասխանատու կեցվածքը։

Ճիշտ է՝ չեմ կարծում, որ Փաշինյանն այս ԳՇ պետին դեռ երկար է հանդուրժելու, երբ ժամանակն ու պահը գա կդատեն, կնստեցնեն կամ կճամփեն (չի բացառվում, որ երեքն էլ միասին), սակայն դա նրա համար, այլ հարցերում պատասխանատվությունից խուսափելու առիթ չի դառնա։

Պարոնայք սպաներ, գեներալներ, ովքեր դեռ չեն հասկացել՝ վստահ իմացեք։

Այս իշխանության համար ձեր կյանքն ու ճակատագիրն արժեք չունեն, սրանք պատրաստ են ձեզ հանձնել, դավաճանել, միայնակ թողնել սահմանին, միայն թե իրենց իշխանությունը չճոճվի, անձնական բարեկեցությունը չտուժվի։

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից։

Մեծ Բրիտանիայի զինված ուժերի հեռացող ղեկավարն ասել է, որ Արևելյան Եվրոպայում վերջին լարվածությունից հետո բանակը պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ պատերազմի, թեպետ նա չի հավատում, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իսկապես ցանկանում է Արևմուտքի հետ «թեժ պատերազմ»:

Գեներալ Նիք Քարթերն ասել է, որ Ռուսաստանն այժմ ավելի մեծ սպառնալիք է Արևելյան Եվրոպայի համար, քան ութ տարի առաջ, երբ ինքը նոր էր սկսել պաշտոնավարել, գրում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ Մեծ Բրիտանիայի ԶՈՒ ղեկավարը մի շարք հարցազրույցներ է տվել մինչև ամսվա վերջ պաշտոնից իր հեռանալը:

Նա ասել է, որ «հստակ հույս ունի, որ Ռուսաստանի հետ պատերազմ չի լինի, և ինքը չի հավատում, որ երկիրը ցանկանում է ֆիզիկական պատերազմ, բայց ՆԱՏՕ-ն պետք է պատրաստ լինի»:

Բարձրաստիճան զինվորականը նման հայտարարությամբ է հանդես եկել Լեհաստանի և Ռուսաստանի դաշնակից Բելառուսի միջև սահմանին լարվածության և ճամբարներում փախստականների կուտակման ֆոնին, ինչպես նաև նշանների, որ ռուսական զորքերը կարող են կուտակվել Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով:

Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը Պուտինին հորդորել էր միջամտել սահմանին ծավալվող «փախստականների ճգնաժամին»: Արևմտյան երկրները մեղադրում են Բելառուսին ԵՄ մտնել ցանկացող մարդկանց դեպի սահման ուղղորդելու համար, մինչդեռ Լեհաստանը մերժում է նրանց մուտքի ջանքերը:

«Ռուսաստանը, հավանաբար, գլոբալ ռազմավարական համատեքստը դիտարկում է որպես շարունակական պայքար, որտեղ, կարծում եմ, նրանք կկիրառեն ազգային ուժի բոլոր գործիքները՝ իրենց նպատակներին հասնելու համար։ Բայց դրանով ռուսները չեն ցանկանում թեժ պատերազմ սկսել: Հարցն, իհարկե, այն է, թե ինչպես եք դուք սահմանում պատերազմը, և ես, որպես զինվոր, հակված կլինեմ սահմանել պատերազմը որպես իրական մարտական գործողություն և կռիվ, և ես չեմ կարծում, որ նրանք դա ուզում են: Կարծում եմ՝ նրանք ցանկանում են փորձել և հասնել իրենց նպատակին ավելի նուրբ ձևերով»։

Ավելի ուշ նա BBC One-ին ասել է, որ Ռուսաստանը հետևում է «հիբրիդային սցենարին, որում ապատեղեկատվությունն ասոցացվում է ապակայունացման հետ, և փախստականներին դեպի Եվրամիության սահմաններ մղելու գաղափարն այս տեսակի դասական օրինակ է»,- ասվում է հոդվածում։

Հարցին, թե դա կարո՞ղ է վերածվել կրակոցներով պատերազմի, Քարթերն ասել է. «Ես չգիտեմ: Կարծում եմ, որ մենք պետք է զգոն լինենք և համոզվենք, որ զսպողությունը գերակայում է, և մենք պետք է համոզվենք, որ ՆԱՏՕ-ի դաշինքում միասնություն կա, և մենք թույլ չենք տա, որ որևէ բացեր առաջանան մեր հավաքական դիրքերում»:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Trump Organization ընկերությունը գործարք է կնքել Վաշինգտոնի իր հյուրանոցը 375 միլիոն դոլարով վաճառելու վերաբերյալ, հայտնում է BBC-ն:

Գործարքի ավարտից հետո Փենսիլվանիայի պողոտայում գտնվող Trump International հյուրանոցը կվերանվանվի Waldorf Astoria և կկառավարվի Hilton Group-ի կողմից:

Ավելի քան 120 տարի առաջ կառուցված հյուրանոցի շենքը գտնվում է Սպիտակ տան մոտ։

Trump Organization-ը պատմական շենքը վերանորոգելու թույլտվություն է ստացել 2012թ., իսկ չորս տարի անց՝  նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից երկու ամիս առաջ, բացվել է Trump International հյուրանոցը։

Trump Organization-ը շենքը պետությունից վարձակալել է 60 տարով, սակայն 2019 թվականին սկսել է գնորդներ փնտրել հյուրանոցի համար։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Մոսկվային նախազգուշացրել է «ցանկացած հետագա սադրանքների կամ ագրեսիվ գործողությունների դեմ» այն բանից հետո, երբ ԱՄՆ պաշտոնյաները նախազգուշացորել են, որ Ռուսաստանը կարող է պատրաստվել ձմեռային հարձակման Ուկրաինայում, գրում է The Guardian-ը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անցյալ շաբաթ ասել էր, որ Ռուսաստանը մոտ 100 000 զինվոր է կուտակել Ուկրաինայի սահմանի մոտ, մինչդեռ Վաշինգտոնն այս ամենի ֆոնին նախազգուշացրել է, որ Մոսկվան կարող է «փորձել վերսկսել» իր 2014 թվականի «ներխուժումը»։

«Մենք տեսել ենք ռուսական ուժերի մեծ և անսովոր կենտրոնացումներ Ուկրաինայի սահմանների մոտ: ՆԱՏՕ-ն շարունակում է զգոն մնալ... Ռուսաստանի կողմից ցանկացած հետագա սադրանք կամ ագրեսիվ գործողություն լուրջ անհանգստություն կառաջացնի: Մենք Ռուսաստանին կոչ ենք անում թափանցիկ լինել իր ռազմական գործողությունների հարցում»,-Մոսկվային նախազգուշացրել է Ստոլտենբերգը:

Ստոլտենբերգի խոսքերը հնչել են Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպման ժամանակ, որտեղ նրանք քննարկել են «Ուկրաինայում և նրա շրջակայքում անվտանգության իրավիճակը»:

«Մենք պետք է իրատես լինենք մեր առջև ծառացած մարտահրավերների նկատմամբ: Եվ այն, ինչ մենք տեսնում ենք, զգալի, մեծ ռուսական ռազմական կուտակում է», - ասել է Ստոլտենբերգը:

Չնայած՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ չի ցանկանում ենթադրություններ անել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտադրությունների մասին, նա իրավիճակը անվանել է «վտանգավոր» և ասել, որ դա թույլ կտա Ռուսաստանին հարձակողական գործողություններ սկսել կարճ ժամանակում:

Միևնույն ժամանակ Ռուսաստանը հերքել է, որ Ուկրաինայի դեմ հարձակողական գործողություններ սկսելու ծրագրեր ունի:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հանդիպմանը և նշել, որ Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ գցելու իր փորձերը՝ խոչընդոտելով միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը, այդ թվում՝ մշակութային ժառանգության իրավիճակի վերաբերյալ փաստահավաք առաքելության իրականացումը:

«Պարո՛ն Բարձր հանձնակատար,
Պարո՛ն Պետքարտուղար,
Հարգելի գործընկերներ,

Ուրախ եմ, որ մենք, ի վերջո, կարողացանք հանդիպել Covid-19 համավարակով պայմանավորված երկար ձգձգվող սահմանափակումներից հետո։ Մենք նաև անհամբեր սպասում ենք գալիք գագաթնաժողովին, որտեղ մեր պետությունների և կառավարությունների ղեկավարները հնարավորություն կունենան քննարկելու Արևելյան գործընկերության (ԱլԳ) ապագան, որում, վստահ եմ՝ բոլորս մեծապես շահագրգռված ենք։

Ուրախ կլինեի ելույթ ունենալ և խոսել Հայաստանի և Եվրամիության երկրների միջև զարգացման օրակարգի մասին՝ հանգամանալից ներկայացնելով 2021թ․ մարտի մեկին ուժի մեջ մտած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքը, ընդգծելով «Եվրոպոլի» և «Հորիզոն Եվրոպայի» հետ մեր կնքած պայմանագրերի, մեկ ժամ առաջ ստորագրված Ընդհանուր ավիացիոն համաձայնագրի, «Ստեղծարար Եվրոպայի» և «Եվրոյուստի» հետ փոխգործակցության, ինչպես նաև՝ այլ ուղղություններով համագործակցության կարևորությունը, կիսվել կոռուպցիայի դեմ պայքարում, ժողովրդավարական ինստիտուտների և օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում Հայաստանի արձանագրած հաջողություններով, ինչպես նաև՝ խոսել Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին, որոնք համապատասխան միջազգային դիտորդական առաքելությունների կողմից ճանաչվել են ժողովրդավարական, ազատ և թափանցիկ։ Կցանկանայի վերահաստատել Հայաստանի դիրքորոշումը Արևելյան Գործընկերության ապագայի և արժեքների վրա հիմնված համագործակցության հանձնառության վերաբերյալ։ Սակայն այս հանդիպումը տեղի է ունենում միանգամայն արտառոց հանգամանքներում, երբ հայ ժողովուրդն ու ժողովրդավարությունը առնվազն 2020 թվականի սեպտեմբերից սկսած գտնվում են ուժի կիրառման մշտական սպառնալիքի ներքո։

Հարգելի՛ գործընկերներ,

Հակառակ գլոբալ զինադադարի մասին ՄԱԿ Գլխավոր քարտուղարի կոչին՝ Ադրբեջանը ռազմական ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ՝ լրջագույնս վտանգելով տարածաշրջանային իրավիճակը։ Ավելին, նրանք փորձեցին ստեղծել Եվրոպայում ձգձգվող հակամարտություններն ուժի զանգվածային կիրառմամբ և Մերձավոր Արևելքից ու Հյուսիսային Աֆրիկայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ու վարձկանների ներգրավմամբ լուծելու փորձի վտանգավոր նախադեպ: Խախտելով զինադադարի մասին երեք պայմանավորվածությունները՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանը վերջապես համաձայնեց դադարեցնել ռազմական գործողությունները։

Եվ, այդուհանդերձ, իրավիճակը տարածաշրջանում մնում է փխրուն։ Անվտանգությունն ու իրողությունները չեն կարող կառուցվել մարդու իրավունքների զանգվածային խախտումների, հազարավոր կորսված մարդկային կյանքերի, կորուստների, տեղահանումների և միջազգային խաղաղության գործընթացի խաթարման հիման վրա։ Ուժի կիրառումը մի ժողովրդի դեմ, որ ձգտում է իրացնել իր հիմնարար իրավունքները, ներառյալ՝ ազատ և անվտանգ կյանքի իրավունքը և ինքնորոշման իրավունքը, չի կարող հակամարտության լուծման միջոց լինել։ Իսկ պաշտոնական Բաքվի բոլոր հայտարարություններն առ այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն այլևս գոյություն չունի, իրականությանը չեն համապատասխանում, քանի որ հակամարտության բուն պատճառը մնում է չհասցեագրված։ Համոզված ենք, որ հակամարտությունն իր քաղաքական լուծումը պետք է գտնի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և մանդատի շրջանակներում։

Կոչ եմ անում բոլոր գործընկերներին, որոնք շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորմամբ, անվերապահ և լիակատար աջակցություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ գործընթացին։

Հարգելի՛ գործընկերներ,

Ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանը պատրաստ է Հարավային Կովկասում հասնել երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը: Սակայն կողմերից միայն մեկի բարի կամքի դրսևորմամբ անհնար է հասնել խաղաղության: Դժվար է տարածաշրջանում պատկերացնել տևական խաղաղության հաստատում՝ Բաքվում, այսպես կոչված, «Ռազմավարի պուրակի» գոյության, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հնչող շարունակական ատելության խոսքի և հայատյացության, հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շարունակական բանտարկման, բռնի անհետացման բազմաթիվ դեպքերի, Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի շարունակական ներթափանցման և ներկայության պայմաններում, որի վերջին փորձը տեղի ունեցավ նախօրեին։ Որքան էլ Հայաստանը ցուցաբերում է իր պատրաստակամությունը՝ թուլացնելու իրավիճակի լարվածությունը, Ադրբեջանը շարունակում է իր սադրանքները Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին՝ խաղաղ բնակչության շրջանում հանգեցնելով կորուստների: Որքան էլ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանային հաղորդակցության բացման դիրքերից՝ Ադրբեջանը շարունակում է պահանջել, այսպես կոչված, «միջանցք»։

Ի սկզբանե Ադրբեջանը հայ ռազմագերիների ազատ արձակումը պայմանավորում էր ականապատ տարածքների քարտեզների ձեռքբերմամբ։ Սակայն երբ Հայաստանն առաջարկեց տրամադրել բոլոր քարտեզները, որը ենթադրում էր, ի պատասխան՝ բոլոր գերեվարվածների ազատ արձակում, Ադրբեջանը հետքայլ կատարեց՝ կասկածի տակ դնելով քարտեզների հավաստիությունը: Ադրբեջանը շարունակում է Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ գցելու իր փորձերը՝ խոչընդոտելով միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքը, այդ թվում՝ մշակութային ժառանգության իրավիճակի վերաբերյալ փաստահավաք առաքելության իրականացումը:

Երկու կողմերին ուղղված անհասցե կոչերն այն պարագայում, երբ Հայաստանը վստահելի քայլեր է անում խաղաղության հաստատման ուղղությամբ, իսկ Ադրբեջանը շարունակում է իրավիճակի էսկալիացիան, կարող է ընկալվել որպես մեր միջազգային գործընկերների կողմից անտարբերություն և հանձնառության բացակայություն:

Եթե ցանկանում եք սատարել տարածաշրջանում կայունության հասնելու մեր ջանքերը, ապա չկա այլ տարբերակ, քան այս հարցերում անկեղծ լինելն ու առանց երկակի ստանդարտների մեր տարածաշրջանում մարդու իրավունքների և ուժի կիրառման վերաբերյալ ձեր տեսլականն արտահայտելը: Մենք պատրաստ ենք այս հարցում լինել իրական գործընկեր Եվրամիության հետ»:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար է ընտրվել պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։ Այս մասին տեղեկանում ենք խմբակցության տարածած հաղորդագրությունից:

Հիշեցնենք, որ իշխող խմբակցության քարտուղարի պաշտոնը 8-րդ գումարման խորհրդարանի ձեւավորումից հետո զբաղեցնում էր պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, որը հոկտեմբերի 29-ին մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել, իսկ նոյեմբերի 8-ին վարչապետի որոշմամբ նշանակվել Շիրակի մարզպետ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն իրանցի իր գործընկերոջ՝  Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հրավերով պաշտոնական այց է կատարել Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Թեհրանում Աբդոլլահիանի հետ ունեցած հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Իրանի հետ ցանկանում է զարգացնել հարաբերությունները և՛ տարածաշրջանային, և՛ միջազգային մակարդակում։ Չավուշօղլուն նշել է, որ երկու երկրների միջև քննարկվում են բազմաթիվ պայմանագրեր, որոնց ստորագրմամբ ամրապնդվելու է երկկողմ հարաբերությունների իրավական հիմքը։

«Քննարկել ենք այնպիսի հարցեր, ինչպիսիք են ահաբեկչությունը, ապօրինի միգրացիան, մարդկանց թրաֆիքինգը։ Ցանկանում ենք ամրապնդել մեր համերաշխությունն այս հարցում։ Ցավոք, համավարակի պատճառով լուրջ անկում է եղել երկկողմ առևտրաշրջանառության ոլորտում։ Սակայն այս տարի, նախորդ տարվա համեմատությամբ, 9 ամսում 71 տոկոսանոց աճ կա։ Այս աճն ուրախալի է, բայց մենք դեռ հեռու ենք մեր նպատակներից»,-ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը։

Չավուշօղլուն շեշտել է, որ Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցները սխալ են։ Նրա ընդգծմամբ՝ թուրքական կողմը կարծում է, որ պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը կրկին գործածելի դարձնելու ուղղությամբ։

Թուրքիայի արտգործնախարարը նշել է նաև, որ հանդիպման ժամանակ Ադոլլահիանի հետ քննարկել են Սիրիային և Աֆղանստանին վերաբերող հարցեր։ Շեշտել է, որ Թուրքիան Սիրիայում շարունակելու է Իրանի հետ համագործակցությունն Աստանայի ձևաչափով և պատրաստ է նաև գործակցել Աֆղանստանում իրավիճակը կայունացնելու հարցում։

ԼՐԱՀՈՍ