Պետք է գործի անցնենք. Ետ շրջվեք դեպի ժողովուրդը ու խոսեք մարդկանց հետ

Պետք է գործի անցնենք. Ետ շրջվեք դեպի ժողովուրդը ու խոսեք մարդկանց հետ

Հայաստանում հանրությունը մոլորված է։ Մարդիկ չեն հասկանում՝ ինչ է կատարվում։ Լուրերում տեսնում են, որ թշնամին գալիս, առանց մի կրակոցի հայ զինվորին դուրս է հանում իր մարտական դիրքից, ծնկի բերում, հետո հրահանգում հեռանալ իր հենակետից։ Տեսնում ու չեն կարողանում հասկանալ, թե ո՞նց է դա հնարավոր դարձել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ 

«Հայաստանում հանրությունը մոլորված է։ Մարդիկ չեն հասկանում՝ ինչ է կատարվում։ Լուրերում տեսնում են, որ թշնամին գալիս, առանց մի կրակոցի հայ զինվորին դուրս է հանում իր մարտական դիրքից, ծնկի բերում, հետո հրահանգում հեռանալ իր հենակետից։ Տեսնում ու չեն կարողանում հասկանալ, թե ո՞նց է դա հնարավոր դարձել։

Հետո կարդում են, որ պաշտպանության նախարարի պաշտոնում Փաշինյանը մի անհասկանալի երևույթին մյուսով է փոխարինում։ Մի անգամից հարց է առաջանում՝ ինչու՞։ Բա այդ դիրքերի անվտանգության ու զինվորների ծառայության համար ԳՇ պետ Արտակ Դավթյա՞նը չէր պատասխանատու։ Նորից անորոշություն։

Իսկ ԱԽ-ն երեկ ի՞նչ որոշեց։ Գրել էին, թե կարևոր որոշումներ պետք է կայացնեն ՀՀ տարածքային անձեռնմխելիությունը պահելու համար։ Բա ռուսներն ի՞նչ են ասում։ Բա մենք ՀԱՊԿ անդամ չէի՞նք։ Ախպեր, Ալիևն ի՞նչ ա ուզում։ Չկշտացա՞վ դա։ Նախկիններն էլ էնտեղ են ինչ-որ ցույցեր ուզում անեն, չե՞ն հասկանում, որ թշնամու ջրաղացին են ջուր լցնում… Հարցեր, հարցեր, հարցեր։ Մարդիկ իսկապես այլևս ոչինչ չեն հասկանում։

Մեր հասարակությունն այսքան ապակողմնորոշված երբեք չի եղել։ Ոչ էլ այսքան խաբված։ Մարդիկ այլևս չգիտեն՝ ում հավատալ և ում՝ ոչ։ Շառից-փորձանքից հեռու լինելու համար որոշել են ոչ ոքի չհավատալ։ Պրոբլեմ է. այսպես թե շարունակվեց, վաղը - մյուս օր ավելի դժվար կացության մեջ կհայտնվենք։ Հաստատ կգտնվեն այնպիսինները (ես նույնիսկ գիտեմ, թե ինչպիսիք), ովքեր կօգտվեն այս իրավիճակից ու ժողովրդին մի այլ կործանարար ուղով կտանեն։

Ուրեմն ի՞նչ է պետք անել։ Նախ և առաջ ամեն կերպ հակազդել իշխանական կաբինետներից հորդացող ստի ալիքներին։ Առանց ավելորդ էմոցիաների, առանց հայհոյախոսության ու նույնիսկ վիրավորանքների հանգիստ նկարագրել այն իրավիճակը, որում այսօր հայտնվել են հայկական պետությունները։ Հետո փորձել բացահայտել այդ իրողությունից բխող հիմնական սպառնալիքները, հասկանալ, թե դիմադրության ինչ ռեսուրս կա, խելամիտ ինչ քայլեր է կարելի անել և որտեղ է, որ անիմաստ ժամանակ ենք վատնում։ Կոպիտ ասած՝ պետք է հաշվառենք մեր կարողություններն ու խնդիրները, բացահայտենք հավելյալ ռեսուրսների աղբյուրները և գործի անցնենք։

Երկրորդ կարևոր հանգամանքը, որ պետք է բոլորս լավ գիտակցենք և որի մասին արդեն շատ է խոսվել, այն է, որ փրկիչներ չկան։ Եվ չեն էլ կարող լինել։ Ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ, առավել ևս, դրսում։ Բավական է աջ ու ձախ նայել։ Սրանից-նրանից փրկություն սպասել։ Չի լինելու։

Մեր միակ փրկիչը մենք ինքներս ենք՝ ժողովուրդն ու նրա՝ փրկվելու կամքը։ Սա է։ Դժգո՞հ ենք ժողովրդի վարքագծից, պատճառն էլի մենք ենք։

Ինչպես կասեր ընկեր Ստալինը, ուրիշ ժողովուրդ ձեզ համար չունենք։ Ինչ անելու է, մեր ժողովուրդը պետք է անի։ Եվ միայն ժողովուրդն է կարող դա անել։ Հետևաբար ետ շրջվեք դեպի ժողովուրդը։ Ու խոսեք մարդկանց հետ, բացատրեք իրավիճակի նրբությունները։ Դա է փրկության, իսկ հետո նաև վերականգնման ու հզորացման միակ ճանապարհը»,- գրել է քաղաքագետը։

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ