Վանեցյանը ճիշտ կլիներ, որ լռեր․ «Պատիվ ունեմ»-ում իրենց անունները մաքրելու քայլեր կլինեն

Վանեցյանը ճիշտ կլիներ, որ լռեր․ «Պատիվ ունեմ»-ում իրենց անունները մաքրելու քայլեր կլինեն

Վանեցյանը, մանդատը վայր դնելով, ընդունեց իր սխալները: Առաջին սխալը հետևյալն էր. երբ նա ազատվեց ԱԱԾ ղեկավարի պաշտոնից, հայտարարեց՝ իշխանությունները հետ են կանգնել հեղափոխության արժեքներից, երկրորդ սխալը դա հայտարարելուց հետո նախկին իշխանությունների հետ միանալն ու դաշինք կազմելն էր:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելուն՝ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Էդվարդ Անտինյանը: 

Ըստ նրա՝ Արթուր Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվելուց հետո պետք է ընտրեր այլընտրանքային ճանապարհ՝ հստակ հայտարարեր՝ ո՛չ նախկին է, ո՛չ ներկա: Անտինյանը կարծում է, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավարը, երբ միացավ ՀՀԿ-ին, իր սկզբունքներին դեմ գնաց. չէ՞որ ԱԱԾ ղեկավարի պաշտոնում նշանակվել էր նույն ՀՀԿ-ականների հանցագործությունները բացահայտելու համար:

«Ուշացած է հեռանում ՀՀԿ-ից, իր վարկանիշն այլևս չի կարողանալու բարձրացնել: Որովհետև բոլորն էլ գիտեն՝ այն, ինչ հիմա ունի, հեղափոխության հաշվին է ստացել»,-ընդգծում է քաղաքագետը:

Նրա պնդմամբ՝ Վանեցյանը չունի քաղաքական հոտառություն, հետևաբար քաղաքականությունը նրա տեղը չէ. «ԱԱԾ նախկին ղեկավարի համար ճակատագրական սխալ էր քաղաքականության մեջ մտնելը: Նա այդպես էլ հանրային աջակցություն չստացավ: Եթե մանդատը վայր չդներ, գնալու էր խորհրդարան՝ ի՞նչ աներ, դա կնշանակեր ոչնչանալ»:

Անտինյանի դիտարկմամբ՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունում մանդատներից զանգվածային հրաժարում չի լինի, սակայն քայլեր՝ իրենց անունները մաքրելու, կլինեն:

«Ընդդիմադիր պատգամավորները շատ բան են կորցրել այդ մանդատը ձեռք բերելու համար, չեմ կարծում, թե այդքան հեշտ հրաժարվեն: Արտահայտություններ, թե մենք մանդատի համար չենք գնացել խորհրդարան, իհարկե, մենք շատ ենք լսել: Բայց գործնականում դրա ապացույցը չի եղել: Չմոռանանք, որ այդ մանդատները իրենք ժողովրդից չեն ստացել: Ստացել են ՀՀԿ-ի վարչական ռեսուրսի ու գումարների միջոցով: ԱԺ-ում գտնվող պատգամավորների մանդատների տերերը Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են: Եթե ունեն այս երկուսի հետ անհամաձայնություններ, պետք է մանդատը վայր դնեն, որովհետև Քոչարյանն ու Սարգսյանը շարքային մարդիկ չեն և հեշտ չէ նրանց «գցելը»»,- նշում է զրուցակիցը:

Հարցադրմանը՝ իսկապե՞ս Արթուր Վանեցյանն առանձին պայքար կսկսի, քաղաքագետն ասում է՝ իր կարծիքով՝ ճիշտ կլիներ, որ լռեր:

«Նա պետք է հետ քաշվի, ծանր ու թեթև անի և վերաարժևորի ամեն բան: Պետք է հավաքի իր թիմին, խորհրդակցի փորձառու քաղաքական գործիչների հետ և հասկանա՝ իմաստ կա՞, որ ընդհանրապես լինի քաղաքական դաշտում: Ճիշտ է, որոշողն ինքն է, բայց, կարծում եմ, նման ձախողումից հետո չպետք է վերադառնա քաղաքականություն, եթե ոչ ընդմիշտ, գոնե որոշ ժամանակ»,- նշում է նա:

Անտինյանը նկատում է՝ ընդդիմությունը հայտարարեց, թե փոխում է մարտավարությունը փողոցային պայքարի և հանում վրանները Ֆրանսիայի հրապարակից, սակայն դա ոչինչ չի փոխում. միևնույն է, ոչ մի հեռանկար չունեն:

«Հայտարարում էին, թե երկիշխանություն է երկրում, բայց այդպիսի բան չեղավ: Ասում էին՝ իշխանություններին մնաց մի քանի օր, դա էլ չեղավ: Ասում էին՝ քաղաքական օրակարգը թելադրում է Ֆրանսիայի հրապարակը, իսկ Ֆրանսիայի հրապարակում հիմա ազատ երթևեկում են: Ավելի ցայտուն օրինակ, որ խորհրդարանական ընդդիմությունը չուներ քաղաքական օրակարգ, չի կարող լինել»,- նկատում է նա:

Քաղաքագետ նաև ընդգծում է՝ ընդդիմությունը, մինչ փողոցային պայքար սկսելը, չգիտեր, թե որքան աջակից ունի, քանի որ ժողովրդի հետ չի շփվում, ձայները գնված են եղել, այժմ էլ ժողովրդին հորդորում էին միանալ իրենց, այն դեպքում, երբ նույնիսկ ներսում միասնական չեն. «Հիմա էլ մտածում են, թե պարտությունն ով ում վրա գցի: Հասարակությունը ինչո՞ւ նրանց պետք է միանար, երբ գիտեին, որ այս շարժումն ի սկզբանե ձախողված էր: Չէին ցանկանում ոչ ոքի լսել, ասում էին՝ կա՛մ մենք, կա՛մ ոչ ոք, չէին մտնում դիալոգի մեջ քաղաքացու հետ, այդ պատճառով էլ ժողովուրդը նրանց չհավատաց, իրենք ժողովրդի մի մասնիկը չդարձան»:

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lur24.com All Rights Reserved