Մենք ենք իրանց պատժելու. թող իրենք էլ մտնեն մորգեր ու իրենց երեխեքին վառված գտնեն

Մենք ենք իրանց պատժելու. թող իրենք էլ մտնեն մորգեր ու իրենց երեխեքին վառված գտնեն

Մարտունու զորամասի գնդի հրամանատար Գոռ Իշխանյանը հոկտեմբերի 11-ին, երբ Հադրութն արդեն թշնամու կողմից գրավված էր, ռացիայով հրաման է տվել և երեխաներին խաբելով՝ տարել գրավյալ տարածքներ, սկզբում ասել է, որ տանում են պահեստներ, բայց տարել է Հադրութ։ Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պատերազմում զոհված Արտյոմ Կիրակոսյանի հայրը՝ Արթուր Կիրակոսյանը:

Արտյոմ Կիրակոսյանը պատերազմի ժամանակ ընդամենը մեկ ամսվա ծառայող էր, նրան դիտավորյալ են հոկտեմբերի 11-ին տարել թշնամու կողմից արդեն գրավված Հադրութ, որպեսզի զոհվի։

«Հիմա ես կասկածում եմ՝ այդ հեռախոսներով, որ երեխեքին ասում էին՝ մի խոսեք, ծրագիր է եղել։ Հետաքրքրվել եմ՝ սմարթֆոնները GPS-ի տեղն ասում են, իսկ հասարակ հեռախոսները չեն կարող գտնել, թե այդ որտեղից են խոսում։ Ես փոշմանել եմ, որ ամեն ինչի մասին մանրամասն չեմ հարցրել իմ երեխուց, միշտ ասել ենք՝ լավ, ավելորդ բաներ չհարցնենք երեխուց։ Հիմա կասկածում եմ, որ երեխեքին դիտմամբ են ասել, որ բան չպատմեն, որպեսզի չգնան Արցախ ու չտեսնեն, թե ինչ սպանոցի է, ինչ կրակ է թափվում։ Ես կարող էի այդ բանն անել ու երեխուս փրկել, ես ինքս բժշկի օգնական եմ եղել, բայց սեփական դիմումիս համաձայն՝ դուրս եմ եկել աշխատանքից, քանի որ մեծ սթրես եմ տարել և այլևս չեմ կարողանում աշխատել»,- ասաց Արթուր Կիրակոսյանը:

«Եթե երեխեքը մնային իրենց դիրքերում, իրենց մազը չէր ծռվի։ Ես վկա ունեմ, բայց նրան չվնասելու համար՝ անուն չեմ տա, ինքը կամավորական է։ Ինչո՞ւ ես պետք է 53 օր իմ երեխուն ման գայի, ու ինձ խաբեին։ Երեխուս նկարը ցույց էի տալիս զինծառայող քյորփեքին, ասում էի՝ տղերք, կարող է իմ երեխուն տեսած լինեք, չիմանալով, որ երեխուս արդեն տարել ու կոտորել են։ Ասում էի՝ տղերք, մի ամսվա ծառայողին տանում են առաջին գիծ, ինձ չցավեցնելու համար, ասում էին՝ չէ, հոպար ջան, բունկերներում են պահում, արխային, բան չկա։ Բայց մի վիրավոր հրամանատար կար, ասաց՝ ախպեր ջան բոլորին էլ տանում են, 10 օրվա ծառայողին էլ են տանում»,- ասաց Կիրակոսյանը։

Զոհված զինվորի հայրը միայն մեկ ցանկություն ունի՝ որդու  զոհվելու համար բոլոր մեղավորները պետք է պատժվեն։

«Թող Աստված նրանց պատժի, Աստվածն էլ չպատժի, մենք ծնողներով կպայքարենք։ Իրենց հետ էլ թող նույնը լինի, մտնեն մորգեր ու իրենց երեխեքին վառված գտնեն, որ նոր հասկանան, թե ինչ ցավ են պատճառել մեզ։ Կյանքս կործանվել է, բոլորիս կյանքը կործանեցին»։

Rate this item
(0 votes)
Last modified on Հինգշաբթի, 01 Ապրիլի 2021 10:07

ԼՐԱՀՈՍ