Մենք պետք է դրական պատասխան ստանանք Հայաստանից. Բոլոր ճանապարհները պետք է բացվեն միաժամանակ. Դրանից հետո կլինի խաղաղություն. Ալիև

Մենք պետք է դրական պատասխան ստանանք Հայաստանից. Բոլոր ճանապարհները պետք է բացվեն միաժամանակ. Դրանից հետո կլինի խաղաղություն. Ալիև

Ադրբեջանի նախագահը Մոսկվայում անդրադարձել է մի հարցի, որ բարձրացրել էր Փաշինյանը` եվրոպացի պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ: Փաշինյանը հայտարարել էր, թե Բաքուն ետ է կանգնում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորություններից ու հրաժարվում է Հայաստանին միջանցք տրամադրել դեպի Վրաստան ու Ռուսաստան` երկաթուղու գործարկման համար:

Իլհամ Ալիևը, փաստացի, չի հերքել` առաջ քաշելով Բաքվից նոր նախապայմանը` տարածաշրջանում բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բացվեն միաժամանակ: Ավելին, Ալիևը հավաստիացրել է, թե Ադրբեջանի այս մոտեցումը պաշտպանում են նաև Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան:

«Մենք սպասում ենք Հայաստանի արձագանքին», - ասել է նա, հավելելով, թե ակնկալում են, որ Եվրամիությունը դրական դեր կխաղա այս գործընթացում: «Դա հնարավորություն կտա Ադրբեջանին Հայաստանի տարածքով մուտք ունենալ դեպի Նախիջևան, Հայաստանին էլ` երկաթուղային կապ հաստատել Ռուսաստանի և Իրանի հետ: Տարածաշրջանի չորս պետությունները` Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան աջակցում են այս մոտեցմանը:

Ըստ այդմ, մենք այժմ պետք է դրական պատասխան ստանանք Հայաստանից, և այդ արձագանքը պետք է ամբողջական և հստակ լինի: Բոլոր ճանապարհները պետք է բացվեն միաժամանակ, և այս հարցում խտրականություն չպետք է լինի: Դրանից հետո, իհարկե, կանխատեսելիությունը, կայունությունն ու անվտանգությունը այս տարածաշրջանում կդառնան իրականություն»:

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ