Գրիգորի Խաչատուրովի դեմ իշխանությունն արշա՞վ է սկսել

Գրիգորի Խաչատուրովի դեմ իշխանությունն արշա՞վ է սկսել

ա  

168.am-ի հավաստի տեղեկություններով՝ այսօր առավոտյան Բերդի զորամասում միջադեպ է տեղի ունեցել, ինչի մեջ, ըստ մեզ հասած տեղեկությունների, ռուսաստաբնակ բլոգեր Ռոման Բաղդասարյանի «մատն է խառը»: Նա փորձել է իր ծանոթ զինվորի միջոցով Բերդի զորամասում «բունտ» կազմակերպել, հաջողվել է 30 հոգու կարճ ժամանակով զորամասից դուրս հանել:

Նպատակը՝ անկայունություն մտցնել 3-րդ բանակային կորպուսում:

Ավելին, անկայուն իրավիճակի այս անհաջող փորձը, անկասկած, տեղավորվում է ՀՀ ԶՈՒ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ ակտիվացած արշավի տրամաբանության մեջ:

Ի դեպ, Բաղդասարյանը միջադեպի մասին անմիջապես գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ Գրիգորի Խաչատուրովի հասցեին մեղադրանքներով «համեմված», թե պետք է հեռացնել բանակից գեներալին:

Մեկ այլ գրառման մեջ բլոգերը, ըստ էության, ընդունել է իր միջամտությունը տեղի ունեցածին՝ «երբ մի ամբողջ բատալյոն լսում է ժուռնալիստի խորհուրդը, ոչ թե Յուրի Խաչատուրովի որդուն»:

Որոշ ժամանակ հետո Բաղդասարյանը հեռացրել է իր գրառումները:

ա

Հիշեցնենք նաև, որ մոտ երկու տարի առաջ Տավուշի մարզում՝ Գրիշա Խաչատուրովի անմիջական ղեկավարությամբ իրականացված օպերացիայի արդյունքում Նոյեմբերյանի հատվածով անցնող կենտրոնական գազատարը, որը մտնում է Հայաստան այսօր անցնում է մեր սահմանով, մինչ այդ անցնում էր Ադրբեջանի սահմանով:

Նշենք, որ Գրիգորի Խաչատուրովը մեկն է այն գեներալներից, ով ստորագրել էր ՀՀ ԶՈՒ հայտարարության տակ, և երբ պարզ դարձավ, որ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն «իրավունքի ուժով» ազատված է ԳՇ պետի պաշտոնից, 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը հայտարարություն էր տարածել և հաստատել իր պահանջը:

«Անիմաստ եմ համարում հայտարարության մեջ շատ ընդլայնվել, սակայն միայն այն փաստը, որ երեք տարիների ընթացքում Ն. Փաշինյանի նախաձեռնությամբ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել և ազատվել են թվով չորս բարձրագույն զինվորական կոչում ունեցող պաշտոնատար անձինք, դա հաստատում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Փաշինյանի ոչ ադեկվատ և անպատասխանատու լինելը:

Յուրաքանչյուր օր, ժամ, Ն. Փաշինյանի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով՝ քայքայվում է ՀՀ անվտանգությունը և կասկածի տակ դրվում մեր հայրենիքի ապագան:

Ուստի կրկին անգամ վերահաստատելով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի 2021թ. փետրվարի 25-ի հայտարարությունը, կրկին պահանջում եմ Ն. Փաշինյանի անհապաղ հրաժարականը»,- նշված էր Խաչատուրովի հայտարարության մեջ:

Հավելենք, որ նոյեմբերի 10-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարությունից հետո 168.am-ը տեղեկություն հրապարակեց, որ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը զորացրման զեկուցագիր է գրել, և, որ պատճառը Տավուշի հատվածում ինչ-ինչ տարածքների հանձնումն է։ Եվ մեր այդ հրապարակումը, բնավ, անհիմն չէր:

Իրականում եռակողմ հայտարարության սկզբում, որը հրապարակել էր «Սպուտնիկ-Արմենիան», եղել է հիշատակում Տավուշի մասին՝ երկրորդ կետում․

«Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»:

Իհարկե, կարճ ժամանակում վերոնշյալ հատվածը հանվել է եռակողմ հայտարարությունից, բայց չի բացառվում, որ այն մնացել է բանավոր պայմանավորվածությունների տիրույթում:

Ըստ այդմ՝ չենք կարող բացառել, որ ՀՀ ԶՈւ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովից ազատվելը նման մեթոդներով նաև այս տրամաբանության կամ հեռահար նպատակների տիրույթում է:

Ինչ վերաբերում է զորամասային միջադեպերին, ապա փաշինյանական իշխանության օրոք սա միակը չէ: Մասնավորապես.

2019թ. մարտին Մեղրիի զորամասում արտառոց դեպք էր գրանցվել, երբ շուրջ 200 զինվոր լքել էր զորամասի տարածքը` հրաժարվելով ենթարկվել սպայական անձնակազմի ցուցումներին: Պարզվել էր, որ մի խումբ զինվորներ փորձել էին 90-ականների բարքերով զորամասում իրենց կարգը հաստատել, հատուկ պայմաններով առաջնորդվել, առանձին շորերով ծառայել, առանձին սննդակարգով ապրել։ Եվ երբ սպաները դա թույլ չէին տվել, այդ զինծառայողներն իրենց համածառայակիցներին դրդել էին ըմբոստության, այն է` 2019 թ. մարտի 17-ին հրաժարվել էին ենթարկվել զինվորական ծառայության օրվա կարգացուցակին, իսկ ժամը 22:30-ին, երբ հայտարարվել էր քուն, մոտ 200 զինծառայող դուրս էր եկել զորամասի տարածքից ու միայն զորամասի հրամանատարի և ՌՈ աշխատակիցների հորդորների արդյունքում վերադարձել զորամաս:

Մարտի 27-ին դատախազությունը «Փաստինֆո»-ին տեղեկացրել էր, որ տեղի ունեցած կարգազանցության դեպքի առթիվ հարուցվել է երկու քրեական գործ. առաջին գործը ՀՀ ՔՕ-ի 364-րդ հոդվածի 2-րդ մասով` մի խումբ անձանց կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելը, որը զուգորդվել է դրանց փաստացի դադարեցմամբ, երկրորդը՝ 375-րդ հոդվածի 1-ին մասով` պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ