Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն հստակ դերակատարում է ունեցել Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխության մեջ: Ադրբեջանի ղեկավարի խոսքերը, Lenta.ru-ի փոխանցմամբ, հայտնել է Minval-ը:
«Մեր դերակատարումը, անշուշտ, կա Սերժ Սարգսյանին Հայաստանի ղեկավարի աթոռից հեռացնելու հարցում:
Չեմ ուզում ավելի շատ փակագծեր բացել, կարող եմ միայն ասել, որ մեկուսացման քաղաքականությունը, որ իրականացվում է Հայաստանում դրանից հետո, միանշանակ տվել է իր պտուղները»,- այս մասին Ալիևը հայտարարել է կառավարության նիստի ժամանակ:
«Այդպիսով արդարությունը հաղթել է, և արնախումների խունտան հեռացվել է Հայաստանի իշխանության ղեկից», - ասել է նա:
«Այն, ինչ ես եմ ասում, կրկնում է հայ ժողովուրդը: Ես ասել եմ, որ նրանք կոռումպացված ռեժիմ են, այնուհետև այդ նույն խոսքերը կրկնել է հայ ժողովուրդը:
Հայաստանի տնտեսական ակտիվությունը զրոյական է, նրանց հերոսները գողեր են, գեներալները գողեր են», - ասել է Ադրբեջանի նախագահը: