«Դաբրո տվողները» Փաշինյանին հասկացնում են՝ արդեն ժամանակն է գործի անցնել և վերադառնալ զգայուն թեմաների իրագործմանը

«Դաբրո տվողները» Փաշինյանին հասկացնում են՝ արդեն ժամանակն է գործի անցնել և վերադառնալ զգայուն թեմաների իրագործմանը

Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հունիսի 20-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ հետևյալ ձևակերպմամբ. «Ցանկանում եմ արդեն անձամբ շնորհավորել Ձեզ ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Ես կարծում եմ, որ դա կարևոր է բոլորի համար, նախ և առաջ, իհարկե, Հայաստանի, հայ ժողովրդի համար՝ նկատի ունենալով, որ այնպիսի բարդ, սուր և զգայուն հարցեր, որոնք պետք է լուծել, կարելի է լուծել, միայն, եթե կա արդյունավետ աշխատելու հնարավորության ապահովում: Իսկ դրա համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է»:

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանի գնահատմամբ՝ ուշադրության արժանի է նաև «բոլորի համար» արտահայտությունը, թե ինչու՝ նա պարզաբանեց.

«Ակնարկը, որը հնչեց Վլադիմիր Պուտինի ներածական խոսքում, նշանակում էր, որ բոլոր շահագրգիռ կողմերը, որոնք, ըստ էության, ձևավորել էին աշխարհաքաղաքական որոշակի կոնսենսուս այս իշխանությունների վերարտադրման շուրջ, համարում են, որ այսուհետ Նիկոլ Փաշինյանը, վերահաստատելով իր քվեն, կարող է լուծել, Վլադիմիր Պուտինի որակմամբ, զգայուն խնդիրները, որոնք այժմ ծառացել են Հայաստանի և Հայաստանի իշխանությունների առջև:

Պուտինն ասում էր, որ այդ վստահության քվեով Փաշինյանը կարող է շարունակել ի կատար ածել բոլոր այն պարտավորությունները, որոնք ստանձվել էին թե՛ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով, թե՛ Մոսկվայի 2021թ. հունվարի 11-ի փաստաթղթերով, թե՛ շատուշատ այլ բանավոր ձեռքբերված պայմանավորվածություններով, և, ինչո՞ւ ոչ, խոսքը գուցե նաև նոր պայմանավորվածությունների մասին է, որոնք պետք է դեռևս ձեռք բերվեն, այդ թվում՝ նաև, օրինակ, ռուս խաղաղապահների տեղավորումը Գեղարքունիքի մարզում՝ հայ-ադրբեջանական սահմանին, դեմարկացիայի, դելիմիտացիայի և հայտնի անկլավների թեման»:

Վիգեն Հակոբյանի գնահատմամբ՝ հենց այս փաստով էր պայմանավորված նաև այն, որ Բայդենը և Պուտինը, չսպասելով ընդդիմության կողմից ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման ավարտին, հապճեպ շնորհավորեցին Փաշինյանին. «Բոլորի շնորհավորանքներում կային որոշակի ակնարկներ, որոշակի հույս, և, կարող եմ ասել՝ նույնիսկ որոշակի շտապողականություն. ոչ միայն իրենց գործողություններում, այլ նաև իրենք են շտապեցնում Նիկոլ Փաշինյանին։ Կարծում եմ, նաև այն պատճառով, որ հասկանում են՝ այնուամենայնիվ, ինչ արդյունք էլ որ եղել է, գործընթացները չեն անցնի առանց լուրջ խոչընդոտների, որովհետև յուրաքանչյուր պայմանավորվածություն, առավել ևս՝ պայմանագիր, որը կարող է ընդունվել, փաստաթղթավորվել, պետք է որոշակի գործընթաց անցնի խորհրդարանում։ Իսկ հիմա խորհրդարանում իշխանությունը բավականին ամորֆ վիճակում է: Կան փաստաթղթեր, որոնց ընդունումը քաղաքական ընդդիմության հետ պայմանավորվածություններ է ենթադրում, կամ՝ ընդհանրապես հնարավոր չի լինելու անցկացնել: Այս առումով, ըստ իս, բավականին լուրջ գործընթացներ են սպասվում ներքաղաքական կյանքում:

Փաշինյանը, քանի որ պարտավորություններ էր ստանձնել, պրոցեսներում որոշակի դանդաղկոտությունը գուցե բացատրում էր նրանով, որ Հայաստանում կա ներքաղաքական լուրջ լարվածություն և դիմադրողականություն, և ամեն ինչ պայմանավորում էր իր վերարտադրությամբ, և փաստացի աշխարհաքաղաքական կենտրոններից և ռեգիոնալ խաղացողներից ստացել էր «դաբրոն»: Այժմ «դաբրո տվողները», իրենց շահերից ելնելով՝ շատ բաների վրա աչք փակողները, ըստ էության, իրեն հասկացնում են, որ լեգիտիմությունը բավարար է, և արդեն ժամանակն է գործի անցնել և վերադառնալ զգայուն թեմաների իրագործմանը»:

Արդյո՞ք խորհրդարանական ընդդիմությունը կկարողանա դիմակայել նման մասշտաբների ծրագրերի իրագործմանը. այս հարցին ի պատասխան՝ վերլուծաբանը պատասխանեց, որ այսօրվա ընդդիմությունն ունի քաղաքական և իրավական բոլոր լծակները, որպեսզի խոչընդոտի իշխանության գործողությունները.

«Ամեն դեպքում, մենք պետք է հաշվի առնենք, որ այսօրվա ընդդիմությունը, ստանձնելով ոչ թե կառուցողական կամ հեղափոխական ընդդիմության աջակցողի ֆունկցիաներ, հայտարարելով, որ լինելու է արմատական ընդդիմություն, իր վերահսկողության տակ պահում է նաև փողոցի ընդդիմադիր զանգվածը և համադրելով պառլամենտական լծակները և փողոցը` կարող է բավականին լուրջ ազդեցություն ունենալ քաղաքական պրոցեսների վրա»:

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ