Արցախը կա՛մ «լավով», կա՛մ «վատով» պետք է մտնի Ադրբեջանի կազմ. հետևանքը լինելու է Հայաստանի պետականության կորուստը

Արցախը կա՛մ «լավով», կա՛մ «վատով» պետք է մտնի Ադրբեջանի կազմ. հետևանքը լինելու է Հայաստանի պետականության կորուստը

Ադրբեջանի նախագահի հուլիսի 7-ի հրամանով փոփոխվել է Ադրբեջանի վարչատարածքային բաժանումը` ըստ տնտեսական շրջանների, ստեղծվել են «Արևելյան Զանգեզուրի» և «Ղարաբաղի» տնտեսական գոտիներ:

Ըստ հրամանագրի` Լեռնային Ղարաբաղի, այժմ՝ Բաքվի վերահսկողության տակ գտնվող շրջանները` Ջրական (Ջեբրայիլ), Քարվաճառ (Քելբաջար), Սանասար (Կուբաթլի), Քաշաթաղ (Լաչին) և Կովսական (Զանգելան), փոխանցվել են «Արևելյան Զանգեզուրի» տնտեսական գոտու ենթակայությանը:

Մինչդեռ «Ղարաբաղի» տնտեսական գոտում են ներառվել Ստեփանակերտ քաղաքը, Բեղամեջ (Աղջաբեդ), Ակնա (Աղդամ), Պարտավ (Բարդա), Վարանդա (Ֆիզուլի), Խոջալու, Մարտակերտ (Խոջավենդ), Շուշի և Թարթառ շրջանները:

168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանն անդրադառնալով այդ վարչատարածքային բաժանմանը, մասնավորապես՝ «Ղարաբաղի» տնտեսական գոտում Ստեփանակերտի ներառմանը, նկատեց՝ Ադրբեջանին վստահություն է ներշնչում հստակ գծած պլանը, որն առաջին հերթին տալիս է Թուրքիայի 100 տոկոսանոց աջակցությունը, ինչպես նաև Փաշինյանի առկայությունը, որն այդ հարցի հետ կապված չի փորձում որևէ բան անել կամ Արցախին սատարել։

«Արցախը մնալու է միայնակ թուրք-ադրբեջանական տանդեմի առջև, հետևաբար` կա՛մ «լավով», կա՛մ «վատով» պետք է մտնի Ադրբեջանի կազմ։ Արցախում էլ ունենք Արայիկ Հարությունյան, որը ոչնչով չի զիջում Փաշինյանին։ Բնական է, որ Ալիևն ունի բոլոր հիմքերը նման նախագծեր ձեռնարկելու համար»,- նշեց Արմինե Ադիբեկյանը։

Փորձագետի խոսքով՝ Ալիևը «թքած ունի» միջազգային հանրության վրա, նրա կարծիքի ու պահանջների վրա և նման վարքագիծ դրսևորելու համար «տեղ ունի», քանի որ միջազգային հանրությունը երբևէ չի հրաժարվի ադրբեջանական գազից՝ հանուն ինչ-որ վեհ գաղափարների։ Ալիևն էլ այս ամենը շատ լավ գիտակցում է, հակառակ դեպքում՝ «Արևմուտքը կուլ չէր տա և չէր մարսի Ալիևի գռեհիկ վարվելաձը պատերազմից առաջ, ընթացքում և հետո»։

«Արևմուտքն Ալիևի գռեհկությունը բազմիցս է կուլ տվել, և այդ միտումները շարունակվելու են, որովհետև միջին ստատիկ եվրոպացու տուն մտնող գազը շատ ավելի կարևոր է, քան Հայաստանը, հայ ժողովուրդը, առաջին քրիստոնյա երկիրը, Արցախը և այլն։ Արևմուտքը լուռ ու մունջ նայելու է, թե ինչ է անելու Ալիևը, եթե վերջինս տանկերով մտնի և սպանի Արցախում մնացած բնակչությանը, լավագույնը, որ Եվրոպան կանի, ինչ-որ զայրացած արձանագրում կանի, որն այդպես էլ կմնա դատարկ խոսակցության մակարդակում։

Այս ամենի մեղավորությունը պատկանում է մեկ մարդու՝ Փաշինյանին, որն իր տգիտությամբ, իր անողնաշարությամբ և հիմար վարվելակերպով՝ նման վարք դրսևորեց մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը, երբ անհեթեթություններ էր դուրս տալիս, երբ Արևմուտքի ինադու Ռուսաստանի հետ էր խաղեր տալիս և հակառակը, ու վերջում այնպես ստացվեց, որ Արևմուտքն ու Ռուսաստանը Հայաստանին ճզմեցին»,- հավելեց Ա. Ադիբեկյանը։

Անդրադառնալով Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ ՌԴ նախագահի հայտարարությանը, որ առաջիկայում ցավոտ հարցեր լուծելու համար Նիկոլ Փաշինյանն ընտրություններում մանդատ է ստացել, Արմինե Ադիբեկյանը նկատեց՝ խոսքը վերաբերում է կրկնակի տարածքային կորուստներին, կապիտուլյացիայի ամրապնդմանը՝ խաղաղության պայմանագրի շրջանակներում։ Այսինքն՝ այն, ինչի դեմ հականիկոլական բևեռը պայքարում է։

«Իհարկե, այս ամենի արդյունքը լինելու է Հայաստանի պետականության կորուստը»,- եզրափակեց փորձագետը։

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ