Մատս կպել է՝ «Սրտիկել» եմ ու զանգել եմ

Մատս կպել է՝ «Սրտիկել» եմ ու զանգել եմ

By Դեկտեմբերի 17, 2021 37

Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջադրած  թեկնածուն՝ այս պահին դեռևս Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, հաստատում է, որ իր առաջնահերթություններից երրորդը խաղաղ հավաքների ազատության երաշխավորությունն է և ազատ խոսքի իրավունքի իրացման բավարար պայմանների ապահովումը։

«Սա մեր երկրում շարունակում է մնալ համակարգային խնդիր, սա են վկայում Մարդու իրավունքների գրեթե բոլոր պաշտպանների կողմից և ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ հրապարակված մի շարք վճիռներ, որոնք հստակ ցույց են տալիս, որ այս խնդիրը շարունակում է մնալ համակարգային։ Սա է պատճառը, որ ես, որպես առաջնահերթություն՝ նաև կենտրոնանալու եմ այս հարցերի վրա։ Ասեմ նաև, որ համավարակի ընթացքը ցույց տվեց, որքան մենք սուր մարտահրավերներ ունենք՝ ոստիկանության կողմից խաղաղ հավաքը սպասարկելու մասով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Քրիստինե Գրիգորյանը։

ՄԻՊ թեկնածուի մեկնաբանությամբ՝ Հայաստանում անկախությունից ի վեր այդ խնդիրը շարունակում է  մնալ որպես համակարգային խնդիր։ Այս համատեքստում նա խնդիրը միայն ոստիկանության մեջ չի տեսնում, նրանց պատշաճ մասնագիտական կրթություն պետք է տրամադրվի։

Ինչ վերաբերում է վիրավորանքը քրեականացնելու օրենքին, Քրիստինե Գրիգորյանը ասաց, որ խոսքը ոչ թե վիրավորանքի, այլ հայհոյանքի ու ծանր վիրավորանքի այլ ձևերի մասին է։

«Ես հանդես եմ եկել այդ օրենքի հարակից զեկուցող և որպես Կառավարության ներկայացուցիչ՝ նշել եմ, որ ազատ խոսքը հայհոյանքը չէ և հայհոյանքը չի կարող պաշտպանվել ազատ խոսքի այն ստանդարտներով, որն ունենք սահմանադրությամբ և միջազգային պարտավորություններով։ Որպես Կառավարության ներկայացուցիչ, ներկայացրել են նաև որոշակի վիճակագրություն, նաև կոլեգաների հետ պայմանավորվել ենք, որ ավելի մանրամասնությամբ պետք է ստանամ ոստիկաններից ու ներկայացնեմ։ ՄԻՊ Արման Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան և վիճարկում է  այս օրենքի սահմանադրականությունը։ Իհարկե, դիմումին ծանոթ չեմ ու չգիտեմ՝ ինչ հիմքերով է վիճարկում։ Որպես հարակից զեկուցող,  ասել եմ, որ շատ կարևոր կլինի սպասել ՍԴ-ի որոշմանը, հետո նոր դիրքավորվել, թե՛ որպես ՄԻՊ, թե՛ որպես քաղաքական գործիչներ։ Այսօր էլ այս սենյակում կար այդ համախոհությունը, որ ատելության խոսքը, հայհոյանքը որևէ ձևով չեն կարող համարվել ազատ խոսք, և դրանք դատապարտելի են։ Ընդամենը բոլորս ստանձնեցինք այդ պարտավորությունը, որ այս ուղղությամբ պետք է աշխատենք»,- ընդգծեց Քրիստինե Գրիգորյանը։

Նա նաև ասաց, թե երեկ մամուլում տեսել է հոդված, որ ինքն Էդմոն Մարուքյանի ուղիղ եթերի տակ «սրտիկել» է։

«Ես հետո եմ տեսել, որ այդ «սրտիկելուն» մատս է կպել, այդ աղմուկից հետո չուզեցի հեռացնել, բայց առաջին հերթին զանգել եմ պարոն Մարուքյանին և ասել եմ, որ սա այսպիսի հանգամանքներում է արվել»,- եզրափակեց նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lur24.com All Rights Reserved