«Աբիժնիկությունը» խորը արմատավորել է հայ հասարակության մեջ․ «ԱԴԵԿՎԱԴ» Մանիֆեստ

«Աբիժնիկությունը» խորը արմատավորել է հայ հասարակության մեջ․ «ԱԴԵԿՎԱԴ» Մանիֆեստ

Տարածված կարծիք կա, որ հայերը հակակրանք ունեն ցանկացած իշխանության հանդեպ։ Ընդհանուր առմամբ ճիշտ լինելով՝ այս ձևակերպումը, այնուամենայնիվ, թերի է: Հայերը խորը արմատացած ատելություն ունեն ուժեղի հանդեպ: Քանի որ հայերը չէին կարողանում լինել ուժեղ, նրանք սկսեցին ատել ուժեղին և ուժը, ըստ այդմ, ճիշտն ու լավը: Այս ֆենոմենը շատ լավ է բացատրել Նիցշեն իր «Բարոյականության ծագումնաբանություն» աշխատության մեջ: Վերոհիշյալ «Ressentiment»-ի, կամ, ինչպես նշեցի, «աբիժնիկության» արդյունքում ձևավորվում է երկու բարոյականություն՝ հաղթողի բարոյականությունն ու պարտվողինը, կամ, ինչպես Նիցշեն է նշում, ստրուկինը: Հաղթողի արժեհամակարգը հիմնված է լավի ու վատի գիտակցման վրա, մինչդեռ ստրուկինը՝ լավի ու չարի: Ընդ որում, եթե հաղթողի համար լավն ազնվականությունն ու արիությունն է, ապա ստրուկի համար չար է այն ամենը, ինչը լավ է հաղթողի համար, իսկ լավ է այն ամենը, ինչը վատ է համարվում հաղթողի կողմից: Ստրուկը սեփական ստորությունը, խարդախությունը, ծուլությունն ու այլ արատներ արդարացնում է՝ ուժեղին ընդդիմանալով: Նույն տրամաբանությամբ մերժվում է բարոյականության հենասյուն հանդիսացող պատժի գաղափարը: Եթե հաղթողի հոգեբանություն ունեցողի մոտ պատիժը լավը վատից տարբերակելու հիմնական միջոցն է, արդարությունը վերականգնելու առանցքը, ապա ստրուկի մոտ պատիժը ասոցացվում է միայն չար ուժերի կամայականության հետ: Ստրուկի մոտ լավը նշանակում է լինել անպատիժ, իսկ պատժվելը ցանկացած պարագայում չարիք է: Ստրկամիտների ապստամբության ցանկացած դրսևորում ուղղորդվում է քաոսով և անարխիայով՝ հենց պատժի անհրաժեշտության չգիտակցելու պատճառով: Ստրուկի «բարոյականության» էությունը կայանում է ուտիլիտարիզմի, այսինքն գործնականության մեջ և դրանից բխող պեսիմիզմի ու ցինիզմի մեջ: Ահա թե որտեղ է թաքնված մեր հումորի գաղտնիքը...

Սա է արժեքային ինվերսիան, որը «աբիժնիկությունը» խորը արմատավորել է հայ հասարակության մեջ: Հայաստանում հոգեպես ամուր լինելը քեզ դարձնում է նախանձի և, ըստ այդմ, ատելության առարկա: Հոգեպես ամուր մարդը լավագույն դեպքում որակվում է գոռոզ, արդարը որակվում է անխիղճ, զուսպը՝ սնոբ, կիրթը՝ ծախված: Նիցշեի հավաստմամբ այս արժեքային ինվերսիան անխուսափելիորեն հանգեցնում է «ստրկամիտների ապստամբության»:

Մինչդեռ ադրբեջանցիների բախտը բերել էր նրանով, որ նրանք ո՛չ երկիր են երբևէ ունեցել, ո՛չ պատմություն, ո՛չ Բաբելոն էին տեսել, ո՛չ էլ Բյուզանդիա: Նրանց ինքնագնահատականն օբյեկտիվորեն չէր կարող լինել ուռճացված և, հետևաբար, նրանք զուրկ են եղել հանրային թերարժեքության բարդույթներից: Պետք էր դաշտ մշակել՝ մշակել են, պետք էր ոչխար արածեցնել՝ արածեցրել են, պետք էր 12 երեխա ունենալ՝ ունեցել են: Ապրել են գոմերում ու առանց որևէ ֆրուստրացիայի:

Գերմանացիները, ի տարբերություն ադրբեջանցիների, ունեին թե՛ պատմություն, թե՛ կայսրություն, բայց բոլոր վայրիվերումներով հանդերձ Գերմանիան միշտ վերականգնվում էր, քանի որ ուներ Հեգել, Նիցշե, Վեբեր ու Շելեր, ում խոսքերն այնքան լույս էին պարունակում, որ չէր կարող չլուսավորել նույնիսկ ամենախավարամիտ ու հպարտ գերմանացուն: Այս հանճարները թույլ չէին տալիս իրենց հասարակություններին ֆրուստրացիան բուժել կեղծ արժեհամակարգերով, փոխարենն անընդհատ մարտահրավերներ էին ստեղծում: Մարտահրավերներ, որոնց հաղթահարումը ամոքում էր հոգեբանական վերքերը: Ընդ որում, այս բոլոր փիլիսոփաների ասելիքները մեծ առումով հիմնվում էին Հոմերոսի, Պլատոնի, Ցիցերոնի, Հին Կտակարանի, Ռուսսոյի և այլոց գաղափարների վրա: Գաղափարների, որոնք իրենց հերթին խարսխվում էին միշտ նույն չորս համամարդկային առաքինությունների վրա՝ խոհեմության, ողջախոհության, արիության և արդարության:

Մենք` հայերս, ցավոք, մեծ մասամբ խուսափեցինք թե՛ համաշխարհային լուսավորիչների և թե՛ մեր տեղական «Նարեկացիների» լույսից: Իրավիճակն ավելի էր սրվում այն փաստից, որ մեր մեջ լույսի միակ աղբյուրը եկեղեցին էր, իր հուդայական դոգմաներով, որոնք ի սկզբանե «ստրկամտության» հողի վրա էին մշակված: Հռոմեական կայսրությունում քրիստոնյաներն էին «Ressentiment»-ի մեջ գտնվող «ստրուկները», որոնք օրինաչափորեն ապստամբեցին և, ոչ պակաս օրինաչափությամբ, քանդեցին կայսրությունը: Մենք 21-րդ դար մտանք այն համոզմամբ, որ մեղավորը մեզ պարբերաբար իշխած պարսիկներն էին, թուրքերը, ռուսները, հայ «թալանչիները», բայց ոչ երբեք մենք ինքներս, հենց մեր մեջի ստրուկը, «աբիժնիկը»: Ու այդ «մեղավորներին» պատժելու համար ստեղծում էինք կուռքեր, կեղծ մեսիաներ, որոնք մեզ համար բարոյական հաղթանակներ էին կորզում, կեղծ հաղթանակներ, որոնք մենք արժեքային ինվերսիայի միջոցով առասպելացնում էինք: Վատը սարքում էինք լավ, իսկ լավն անվանում էինք չարիք:

«ԱԴԵԿՎԱԴ» Մանիֆեստ,

Մաս 3, շարունակելի․․․

Մաս 1

Մաս 2

Աղբյուրը՝ Live24.am

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lur24.com All Rights Reserved