Մեզ հետ ստիպված էին լինելու հաշվի նստել աշխարհի «մեծերը»․ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը չէր կառուցվի, եթե Հայաստանը կարողանար գոնե չկորցնել Վազգենին․ «ԱԴԵԿՎԱԴ» Մանիֆեստ

Մեզ հետ ստիպված էին լինելու հաշվի նստել աշխարհի «մեծերը»․ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը չէր կառուցվի, եթե Հայաստանը կարողանար գոնե չկորցնել Վազգենին․ «ԱԴԵԿՎԱԴ» Մանիֆեստ

«Ես համոզված եմ, որ մեր երկիրը դառնալու է հզոր, հարուստ պետություն։ 21-րդ դարը, անկասկած, մերն է լինելու»։

Սա Վազգեն Սարգսյանի ամենա հայտնի խոսքերից է: Այս խոսքերը հնչեցնելուց հետո Հայաստանը մտավ 21-րդ դար ու քսան տարի դիմակայեց իր դեմ տարվող հետևողական, տոտալ և անդադար գրոհներին: Դիմացավ քսան տարի և հետո փլուզվեց: Հայաստանը նորից գրավեցին նրանք, ում Վազգեն Սարգսյանը ժամանակին հեռացրել էր:

Վազգեն Սարգսյանը ստեղծագործ մարդ էր և, ինչպես բոլոր ստեղծագործողները, շատ էմոցիոնալ էր: Իր այս խոսքում էլ նա նշել էր. «Մենք զգայական ազգ ենք և միշտ չէ, որ զգայականությունը վնաս է տալիս, շատ հաճախ զգայականությունը օգուտ է տալիս»: Նա բնազդաբար զգում էր, որ Հայաստանն իրոք ունի բոլոր նախադրյալները 21-րդ դարը սեփականաշնորհելու, սակայն, ինչպես դա հաճախ է լինում ստեղծագործ մարդկանց հետ, գործնականում չհաշվարկեց այդ դարը գրավելու քայլերը...

Անկախ նրանից, թե ինչից էր ոգեշնչվել Սարգսյանն այս խոսքերն ասելիս՝ իր այդ պնդման մեջ, անշուշտ, կար տրամաբանություն: Հայաստանը նորանկախ պետություն էր, որը, գտնվելով աշխարհի համար կարևորագույն խաչմերուկներից մեկում, ուներ տարածաշրջանի ամենամարտունակ բանակը և ամենակուռ հասարակությունը: Առանց Հայաստանի դիրքորոշումը հաշվի առնելու մեր տարածաշրջանով ո՛չ նավթամուղ էր կարող անցնել, ո՛չ երկաթգիծ, ո՛չ էլ որևէ այլ ենթակառուցվածք: Այս գործոնները ճիշտ շահագործելու դեպքում մեզ հետ ստիպված էին լինելու հաշվի նստել աշխարհի «մեծերը»: Սա զգում էր Վազգեն Սարգսյանը, ու գիտեին աշխարհի «մեծերը»:

Զանգվածի ու էներգիայի պահպանման օրենքը ոչ միայն ֆիզիկայի հենասյունն է, այլ նաև տնտեսության և, ըստ այդմ, քաղաքականության: Երբ «դարը» ինչ-որ մեկինն է դառնում, ապա այն նույն պահին դադարում է լինել ինչ-որ այլ մեկինը: Դու քո «դարը» չես կարող ստեղծել, այն կարող ես միայն խլել նրա ձեռքից, ում այն պատկանում էր մինչ այդ: 1998 թվականի հոկտեմբերի 29-ին ստորագրվեց նավթամուղ կառուցելու Անկարայի հռչակագիրը, դրանից մեկ տարի անց սպանվեց Վազգեն Սարգսյանը:

Հետագայում Անկարայի հռչակագրի տակ ստորագրեցին Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի, ՈՒզբեկստանի ու Ղազախստանի նախագահները ԱՄՆ էներգետիկայի նախարար Բիլ Ռիչարդսոնի հովանավորությամբ: Վազգեն Սարգսյանի սպանությունից երեք շաբաթ անց Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ստամբուլյան գրասենյակում ստորագրվեց Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը կառուցելու մասին արդեն միջպետական համաձայնագիրը: Համաձայնագիր, որը չէր կայանա, եթե Հայաստանը կարողանար պահել Շահումյանը կամ գոնե չկորցնել Վազգենին:

«ԱԴԵԿՎԱԴ» Մանիֆեստ,

Մաս 1, շարունակելի․․․

Rate this item
(0 votes)

Լրահոս

© 2022 Lur24.com All Rights Reserved