Փաշինյան-Պուտին-Ալիև տեսակոնֆերանսը տապալեց հայկական կողմը. Գործընթացին ներգրավվում է Արևմուտքը. Տարասով

Փաշինյան-Պուտին-Ալիև տեսակոնֆերանսը տապալեց հայկական կողմը. Գործընթացին ներգրավվում է Արևմուտքը. Տարասով

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը աղմկահարույց հայտարարությամբ հանդես եկավ՝ տեղեկացնելով՝ Ադրբեջանը Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետեր կտեղադրի:

«Այսօր ադրբեջանական կողմը հայկական կողմին տեղեկացրել է, որ այսօրվանից՝ գիշերը 12-ից սկսած, Գորիս-Կապան ճանապարհի այդ հատվածում կիրականացնի սահմանային և մաքսային հսկողության գործառույթ, այսինքն՝ մաքսակետեր կտեղադրի, ուզում եմ հայտարարել, որ հայկական կողմը ևս համապատասխան քայլեր կձեռնարկի, այսինքն՝ ճանապարհի այդ հատվածում ևս կտեղադրի մաքսային և սահմանային հսկողության գործառույթներ իրականացնող կետեր»,- ասել էր Գրիգորյանը:

Իսկ երեկ էլ նա տեղեկացրեց, որ քաղաքացիները հնարավոր է՝ վճարի դիմաց կարողանան անցնել Գորիս-Կապան ճանապարհով: Իր հերթին Նիկոլ Փաշինյանը փորձելով արդարացնել տեղի ունեցողը՝ երեկ Կառավարության նիստում ասաց, որ կարող է հարց ծագել. իսկ հնարավոր չէ՞ր բանակցել, որ այդ ճանապարհին ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր, հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր «միջանցքային տրամաբանությունը»:

Ուշագրավն այն հանգամանքն է, որ նախորդ շաբաթ ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հաղորդել էր, որ այս շաբաթասկզբին նախատեսվում է Փաշինյան-Պուտին-Ալիև տեսակոնֆերանս:

Մինչ այդ մամուլում արտահոսք էր եղել, որ նախապատրաստվում է երկու փաստաթուղթ, որոնցից մեկը վերաբերելու է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման-սահմանագծման գործընթացին, մյուսը՝ ապաշրջափակմանը: Պեսկովին հաջորդեց Նիկոլ Փաշինյանի հերքումը.

«Նոյեմբերի 9-ին հանդիպում անցկացնելու որևէ պայմանավորվածություն չկա»: Հետաքրքրական է նաև այն հանգամանքը, որ սրան հաջորդեց Պեսկովի անդրադարձը.

«Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հստակ օրը դեռ չի որոշվել․ այս պահի դրությամբ որևէ փոխըմբռնում չկա»:

Դատելով Պեսկովի մեկնաբանությունների բովանդակության փոփոխությունից՝ եղել էր նախնական պայմանավորվածություն, որը, սակայն, չեղարկվել է կողմերից մեկի որոշմամբ: Եվ այս ամենում տարօրինակն այն է, որ Ադրբեջանը մաքսակետեր է սկսում տեղակայել առանց սահմանազատման-սահմանագծման գործընթացի, որին ՀՀ իշխանությունները ոչ միայն դեմ չեն, այլև համարում են հայկական օրակարգ:

Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման չեղարկմանը զուգահեռ՝ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 10-ին Փարիզում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), Իգոր Խովաևի (Ռուսաստան) և Բրիս Ռոքֆոյի (Ֆրանսիա) հետ, որին հաջորդել է հնգակողմ հանդիպում Ադրբեջանի ԱԳ նախարարի մասնակցությամբ, այսինքն՝ Փարիզում ԵԱՀԿ ՄԽ հովանու ներքո կայացավ Միրզոյան-Բայրամով հերթական հանդիպումը: Սա, ի դեպ, պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների երկրորդ նմանատիպ հանդիպումն է: Առաջինը կայացել էր սեպտեմբերին Նյու Յորքում ընթացքում Գլխավոր ասամբլեայի շրջանակում:

168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը կարծիք հայտնեց, որ մաքսակետի տեղակայումն ամենայն հավանականությամբ որևէ կապ չունի սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ: Դա, նրա խոսքով, նախատեսված է առավելապես Իրանի համար:

«Այո, ռուսական կողմն ակնարկել էր, որ ընթանում են գաղտնի բանակցություններ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու շուրջ, բայց գործընթացը տապալվեց: Եվ ներկայումս անհասկանալի է, թե երբ նրանք կկարողանան հանդիպել: Բացի այդ, Օվերչուկի առաքելությունը եղավ Երևանում և Բաքվում, տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանը պայմաններ է դնում Զանգեզուրի միջանցքի հարցով, այստեղ տարաձայնություններ կան, Երևանը կարծում է նաև, որ հյուսիսային երթուղին պետք է բացվի: Համաձայնության չեն կարողանում գալ: Սա՝ առաջին:

Երկրորդ՝ տեղեկատվություն եղավ Փարիզից, որ Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳՆ միջնորդությամբ հանդիպումներ է ունենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, խոսքը ԵԱՀԿ ՄԽ վերագործարկման մասին է: Սա կողմերի միջև երկրորդ հարթակն է: Կա ձևաչափ Մոսկվա-Երևան-Բաքու և երկրորդ ձևաչափը, որն ունի իր օրակարգը և այնտեղ դրված է Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Այն համոզմանն եմ, որ առանց այդ հարցի որևէ այլ հարց չի կարող կարգավորվել, դեմարկացիա չի կարող լինել, ինչո՞ւ, որովհետև եթե միայն Հայաստանը ճանաչում է դեմարկացիան, ճանաչում է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում, դա մեկ սցենար է: Եթե հայկական կողմը կարծում է, որ Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորված չէ, որ կարգավիճակի հարցը պետք է լուծվի, դա լիովին այլ բան է: Զուգահեռ երկու գործընթաց է հայտնվում՝ ԵԱՀԿ ՄԽ և եռյակ: Հայաստանը մանևրում է: Ինձ մոտ տպավոորություն է, որ այդ հանդիպումը տապալել է հայկական կողմը, որպեսզի հայտնվի երկրորդ հարթակը, որտեղ Ֆրանսիան մոդերատորի դեր է ստանձնելու: Բաքուն և Երևանը չգտան ընդհանուր լուծումներ, կարելի է այսպես ասել»,- մեկնաբանեց Տարասովը:

Նրա համոզմամբ, եռյակի շրջանակում աշխատանքը տապալվել է, հայտնվել օդից կախված վիճակում, փոխվարչապետերը, ևս հայտնի չէ՝ ինչպես են աշխատելու: «Ալիևը Թուրքիայի հետ փորձում է առաջ մղել Զանգեզուրի միջանցքի թեման, հայերը դիմադրում են: Բաքուն լուրջ սխալներ է թույլ տալիս, թույլ չի տալիս Երևանին Անկարայի հետ առանձին պայմանավորվել, իր հետ՝ առանձին, նրանք ընդհանուր պլատֆորմով են աշխատում, ուժային մեթոդներով: Կարծես հայերին է առավել շատ պետք հայ-թուրքական սահմանի բացում այն դեպքում, երբ իրենք են Զանգեզուրի միջանցքի լոբբինգով զբաղվում, իսկ հայերը գնացին այլ ճանապարհով: Գործընթացը ներգրավվում է Արևմուտքը»,- ասաց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

Rate this item
(0 votes)

ԼՐԱՀՈՍ